Երևանում կհանդիպեն դասականն ու ջազը. հանդիսատեսին անմոռանալի համերգ է սպասում

Դասական երաժշտության ու ջազի համադրությունն առաջին հայացքից կարող է անիրական թվալ, բայց ոչ հայ երաժիշտների ու վիրտուոզների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Հայաստանյան հանդիսատեսն առաջին անգամ կկարողանա տեսնել դասական երաժշտության ու ջազի «հանդիպումը»։ Մտահղացման հեղինակը ՀՀ պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանն է։

«Ծրագիրը հետաքրքիր է։ Հայաստանում ոչ մի անգամ նման համերգ չի եղել», – այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց Մարտիրոսյանը։

Հանդիսատեսը կարող է վայելել կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետն ու «Պեր Գյունտի» սյուիտները։ «Պեր Գյունտը» կամերային սիմֆոնիկ երաժշտական ստեղծագործություն է, որը գրել է նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգը Հենրիկ Իբսենի նույնանուն ներկայացման համար։

Ամբողջ աշխարհում մեկ օր, Գյումրիում` չորս. համեցե՛ք Գյումրի՝ ջազ լսելու

Արամ Խաչատրյան համերգասրահում այդ ստեղծագործությունները կհնչեն երկու տարբերակով` դասական ու ջազային։

«Ջազային մշակման հեղինակն ամերիկացի հայտնի ջազմեն Դյուկ Էլինգթոնն է։ Մեր նվագախումբը կկատարի դասական տարբերակը, որից հետո Արմեն Հյուսնունցի ջազային նվագախումբը կնվագի Էլինգթոնի մշակումը», – ասաց Մարտիրոսյանը։

Նա վստահ է, որ հանդիսատեսն անմոռանալի զգացողություններ է ունենալու, քանի որ այս արվեստը սահմաններ չի ճանաչում։

Հայկական պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցն էլ իր հերթին նշեց, որ երեկոն հաստատ հիշարժան է լինելու։

«Այս ոճը նման է շատ համեղ ուտելիքի, որքան համտեսում ես, նույնքան կախվածություն ես ունենում», – ասաց նա։

Հյուսնունցը չբացառեց, որ նվագախումբը կարող է այդ համերգային ծրագրով շրջագայել Հայաստանի մարզերում, սակայն դա կլինի միայն այն դեպքում, եթե ֆինանսավորում լինի։ Նա նշեց նաև, որ իրենց նվագախումբն արդեն երեք տարի է` փորձում է համերգներով շրջագայել Հայաստանի մարզերում, սակայն առանց ֆինանսավորման դա դժվար է անել։

«Հայաստանի մարզերի հանդիսատեսը ֆանտաստիկ է, ավելի պատրաստված է, որակյալ երաժշտությանը կարոտած։ Այնտեղ նուրբ են զգում լավի ու վատի սահմանները, անճաշակ ու ճաշակով երաժշտության սահմանները, հանդիսատեսն այդքան բևեռացված չէ, որքան Երևանում», – ասաց Հյուսնունցը։

«Երկու տարբերակ. դասականը հանդիպում է ջազին» համերգը կկայանա մայիսի 5–ին, ժամը 19:00–ին։