ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բանկային բոլոր հաշիվների վրա կալանք է դրվել, բացի թոշակից։ Այս մասին այսօր դատական նիստի ավարտին լրագրողներին ասաց Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը` ներկայացնելով Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստի մանրամասները և տեղեկացնելով, որ նիստը հետաձգվել է:
Փաստաբանի խոսքով, գույքն ընդհանրապես չի գնահատվել, ինչն, ըստ նրա, օրենքի խախտում է։
«Իրենք չեն գնահատել գույքը, դրա համար բոլոր պատճառաբանությունները գնահատում եմ ձևական։ Եթե իրենք նպատակ ունեին իրոք քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ինչ-որ նպատակի ծառայեցնել իրենց գործողությունները, պարտադիր այդ գույքը գնահատել», - ասաց նա։
Ներկայացված դատական հայցով Քոչարյանի փաստաբանները դատարանից պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել քննիչի ու դատախազի գործողություններն ու ճանաչել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտման փաստը։
«Մենք վիճարկում ենք որոշումը, որը կայացվել է 2018 թվականի հուլիսի 30-ին, և այդ որոշումը միանշանակ անօրինական է եղել»,-ասաց Խուդոյանը։
Փաստաբանը նշեց, որ այդ օրը ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակում խուզարկությամբ հայտնաբերվել էին նաև իր տեղեկությամբ դատարկ կրիչներ, համակարգիչ, օրինական որսորդական հրացաններ, բայց դրանք, նրա համոզմամբ, գործի հետ ոչ մի կապ չեն ունեցել:
Հիշեցնենք, մարտի 1-ի գործով Քոչարյանի և մյուս պաշտոնյաների մեղադրական եզրակացությունն ընդունվել է դատարանի վարույթ, բայց նիստի օրն առայժմ նշանակված չէ։
Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին։