ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Տաքսու վարորդները դադարեցրին Երևանի կենտրոնում մեկնարկած բողոքի ակցիան: Նրանց հետ ունեցած զրույցում Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը խոստացավ, որ նրանց առաջ քաշած խնդիրը կլուծվի, և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մասին բոլոր այն արձանագրությունները, որ կազմվել են ոստիկանության աշխատակցի խոստումից հետո, կբեկանվեն:
Ճանապարհային ոստիկանության պետը տեղեկացրեց նաև, որ Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ կտեղադրվեն նաև երթևեկության համապատասխան նշաններ, այսինքն` կլինի տաքսու համար թույլատրելի կայանատեղի, և նրանք այլևս չեն տուգանվի:
Ոստիկանության գնդապետը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց նաև, որ Երևանի փողոցների գծանշումները ավարտված կլինեն մոտ տասը օրից:
Ի պատասխան այն հարցի, թե նախկինում որոշ վարորդներ կաշառքով են ձեռք բերել վարորդական իրավունք և, մեքենա վարել չիմանալով, խանգարում են երթևեկին, Եգոր Կարապետյանը հայտնեց, որ առաջիկայում ավելի է խստանալու վարորդական իրավունք ստանալու գործընթացը:
Sputnik Արմենիան ավելի վաղ տեղեկացրել էր, որ բազմաթիվ տաքսու վարորդներ իրենց ավտոմեքենաներով փակել էին Աբովյան փողոցն ու Մաշտոցի պողոտան և պահանջում էին լուծել Կորյուն փողոցի խաչմերուկում կայանելու խնդիրը։