Հայաստանում լեհ զբոսաշրջիկ է կորել. լուսանկարներ

Զբոսաշրջիկը հեռախոսը թողել է սեղանին, հյուրանոցից դուրս է եկել և չի վերադարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Անհետ կորել է Լեհաստանի քաղաքացի Դանիել Օվչարեկը: ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունը խնդրում է աջակցել գտնելու Հայաստան ժամանած լեհ զբոսաշրջիկին:

Օվչարեկը Հայաստան է ժամանել Թբիլիսիից տաքսիով: Սույն թվականի ապրիլի 30-ին՝ կեսգիշերին, բնակություն է հաստատել Արամի փողոցում գտնվող «Նոր Երևան» հյուրանոցում: Հյուրանոցից դուրս է եկել մայիսի 1-ին՝ կեսօրից առաջ, և մինչ օրս նրա մասին որևէ տեղեկություն չկա:

Դանիել Օվչարեկն իր բջջային հեռախոսը թողել է հյուրանոցի սենյակում: Նրա գտնվելու վայրը պարզելու գործում կարող են օգտակար լինել Հայաստան այցի ժամանակ արված լուսանկարները:

Հնարավոր է, որ լուսանկարում պատկերված տղամարդկանցից մեկը լինի վարորդը, որի հետ Դանիելը ճանապարհորդել է Հայաստանում:

Դանիելի բնութագրիչ առանձնահատկություններից այն է, որ նրա աջ ոտքը կաղում է:

Դանիելի վերաբերյալ ցանկացած տեղեկության դեպքում դեսպանությունը խնդրում է անհապաղ կապ հաստատել Երևանում ԼՀ դեսպանության հետ՝ զանգահարելով +374 91426885 հեռախոսահամարին: