ՃՈ–ն պարզաբանեց Հայաստանում ՃՏՊ–ների աճի պատճառը

Բացի այն, որ չեն պահպանվում ճանապարհային երթևեկության կանոնները, պատահարների աճող դեպքերի հարցում իր դերն ունի նաև վերջին տարիներին Հայաստան ներմուծված մեքենաների քանակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը չի զլանում քաղաքացիներին կոչ անել խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. գերատեսչությունը այդ հարցում հույս է դնում նաև ԶԼՄ–ների օգնության վրա։ Այս մասին լրագրողներին հայտարարեց ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը` մեկնաբանելով պարբերական բնույթ կրող մահվան ելքով ՃՏՊ–ները։

Երթևեկությունը կարգավորվում է. ՃՈ պետը զրուցեց բողոքի ակցիայի ելած տաքսու վարորդների հետ

«Այսօր ես դպրոցականների համար դասընթաց էի անցկացնում, որի ժամանակ բացատրում էի նրանց անվտանգ ճանապարհային երթևեկության կանոնները։ Ցավոք, նույնը երբեմն ստիպված ենք ասել բավական հասուն մարդկանց։ Խնդրանքս է` պահպանեք կանոնները։ Այս խնդիրը լուծել է պետք։ Վթարներ լինում են բոլոր երկրներում, բայց մենք պետք է զգոն լինենք», – ասաց Կարապետյանը։

Բացի այն, որ չեն պահպանվում կանոնները, ճանապարհներին պատահարների աճող դեպքերի հարցում իր դերն ունի նաև վերջին տարիներին Հայաստան ներմուծված մեքենաների քանակը։ Այսպես, նրա խոսքով, 2017 թվականին Հայաստան է ներկրվել շուրջ 35 հազար ավտոմեքենա, 2018 թվականին` 73 հազար, իսկ այս տարվա առաջին եռամսյակում արդեն իսկ ներմուծվել է 35 հազար տրանսպորտային միջոց։

Արագաչափերի բիզնես հասկացություն չի կարող լինել. ՃՈ պետի տեղակալ

«Այս մեքենաների կեսը Երևանում է, այս տրանսպորտային միջոցների տարածական հանրագումարը միայն մայրաքաղաքում վերջին 3 տարվա ընթացքում աճել է 420 կմ–ով։ Երևանի համար սա բավական մեծ թիվ է։ Արդյունքում երթևեկության, կայանատեղերի և այլ խնդիրներ են առաջանում», – նշեց ՃՈ պետը։

Ճանապարհներին լրացուցիչ տեսախցիկների տեղադրման հավանականության մասին Sputnik Արմենիայի հարցին պատասխանելով, Կարապետյանն ասաց, որ այդ հարցը պետք է համաձայնեցվի տեղի իշխանությունների հետ։ Եվ եթե ոստիկանությունը համապատասխան հարցում ստանա քաղաքապետարանի կողմից, սարքեր կտեղադրվեն։ Նա վստահեցրեց, որ վերջին ամիսների ընթացքում Երևանի խաչմերուկներից չի հանվել ոչ մի տեսախցիկ։ Հանվել են միայն առանձին արագաչափեր այն հատվածներում, որտեղ նախկինում արգելված էր 40 կմ/ժ–ից ավելի արագությամբ երթևեկելը։