ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով` 80-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից։
Սահակյանը կարևորել է Մանսուրյանի ավանդն Արցախում մշակույթի զարգացման գործում:
Հիշեցնենք, որ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80–ամյա հոբելյանի առթիվ ողջ տարվա ընթացքում տեղի կունենան մի շարք համերգներ։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն էլ երեկ մաեստրոյի հետ արված լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում` գրելով, որ Մանսուրյանի հետ ուղևորվում են Արցախ: «Մաեստրոյի 80-ամյակին նվիրված փառատոնի շրջանակում համերգային երեկո է սպասվում ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում և Արցախում»,–գրել էր նա։
Հայաստանյան համերգների մեկնարկը տրվել է մարտի 21–ին` Չարենցի բանաստեղծությունների հիման վրա մաեստրոյի գրած ստեղծագործությունների ներկայացմամբ։