Թադևոս Ավետիսյանի խոսքով` եկամտային հարկի համահարթեցման օրենսդրական նախաձեռնությունը կյանքի կոչելու դեպքում Հայաստանում առանց այդ էլ առկա սոցիալական բևեռացումն էլ ավելի է խորանալու։
«Համահարթեցման մասին օրինագծով էլ ավելի է խաթարվելու եկամուտների արդար բաշխման սկզբունքը»,- վստահեցնում է տնտեսագետը։
Ըստ նրա` ստացվելու է մի իրավիճակ, երբ ցածր աշխատավարձը մնալու է նույնը, իսկ ծախսերն ավելանում են։
«Մինչդեռ բարձր աշխատավարձերի դեպքում գներն ավելանալու են, բայց ավելանալու է նաև աշխատավարձը։ Հետևաբար բարձր վճարվող խավը նախատեսվող թանկացումներն իր գրպանի վրա չի զգա»,- ասում է Ավետիսյանը։
Կառավարությունն առաջարկում է 2019 թվականի հուլիսի 1-ից անցնել եկամտային հարկման համահարթեցված համակարգի` միասնական դրույքաչափ սահմանելով 23 տոկոսը` անկախ եկամտի չափից։ Իսկ մինչև 2023 թվականը եկամտահարկն աստիճանաբար կնվազի` մինչև 20 տոկոս: