Վրաստանի նախագահը սկանդալի մեջ է հայտնվել. նրան իմպիչմենտով են սպառնացել

Վրաստանի ընդդիմությունը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու դեմ է դուրս եկել ԱՄՆ ռազմաբազաների պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սկանդալի կենտրոնում է հայտնվել երկրի տարածքում ԱՄՆ ռազմաբազայի վերաբերյալ դիրքորոշման պատճառով, որն արտահայտել է վերջին հարցազրույցներից մեկում։ Ընդդիմությունը սպառնացել է միջոցներ կիրառել (ընդհուպ մինչև իմպիչմենտ)։ Այս մասին հայտնում է Rustavi 2 հեռուստաընկերությունը։

Զուրաբիշվիլին ասել է, որ նպատակահարմար չի համարում Վրաստանում ԱՄՆ ռազմակայան տեղակայելը։ Նախագահի խոսքով` Թբիլիսին չպետք է այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք կարող են սադրանք ընկալվել։ Միաժամանակ նա ընդգծել է, որ երկրի ուղղվածությունը` կապված ԵՄ–ին և ՆԱՏՕ–ին անդամակցելու հետ, անփոփոխ է։

«Ընդդիմությունը նշել է, որ Զուրաբիշվիլին իր սկանդալային հայտարարությամբ խախտել է Սահմանադրությունն ու դուրս եկել իր իրավասությունների շրջանակից։ Նոր օրենքի համաձայն` արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս նա պարտավոր է համաձայնեցնել կառավարության հետ։ Ընդդիմությունը չի բացառում, որ Զուրաբիշվիլու նկատմամբ իմպիչմենտի գործընթաց կարող է սկսվել», – ասվում է ռեպորտաժում։

Նշվում է նաև, որ երկիրն առաջիկա 6 տարվա ընթացքում «չի կարողանա այսպիսի նախագահի դիմանալ»։

Հեռուստաընկերությունը հղում է արել իր աղբյուրներին և հայտնել նաև, որ Սալոմե Զուրաբիշվիլու ամերիկյան այցը, որը դեռ մարտից էր ծրագրվում, չի կայանա։

Վրաստանի անձնագիր ստանալն ավելի հեշտ կդառնա. ինչի մասին է խոսել Զուրաբիշվիլին Ջավախքում

Ավելի ուշ Վրաստանի արտգործնախարարությունը հերքել է այս տեղեկությունը։

Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանք» իշխող կուսակցության անդամ Կախի Կալաձեն իր հերթին խնդրել է, որ Զուրաբիշվիլուն չնույնացնեն քաղաքական ուժի հետ։

«Նա անկախ թեկնածու է, ոչ թե կուսակցության անդամ, մեր որոշումն է եղել աջակցել անկախ թեկնածուին։ Զուրաբիշվիլուն չնույնացնեք կուսակցության հետ», – լրագրողների հետ զրույցում ասել է Կալաձեն։

Նա ընդգծել է, որ ճանապարհն ու ընտրությունը, որն արել է Վրաստանի ժողովուրդը, ԵՄ մեծ ընտանիքին անդամակցելն է ու ՆԱՏՕ–ի հետ համագործակցելը։ ԱՄՆ–ն միշտ եղել է, կա ու կմնա Վրաստանի ռազմավարական գործընկեր։