ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Այս գիշերը Վանաձորում կրակոցներ են հնչել։ Մեր տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական հատվածում՝ Տիգրան Մեծի պողոտայում:
Կրակոցի ձայն լսելուց հետո տարածքում ծառայող ոստիկանները շարժվել են խմբված մարդկանց ուղղությամբ և 21-ամյա մի երիտասարդի բերման են ենթարկել բաժին: Ոստիկանություն է տեղափոխվել նաև նրա մեքենան: Նախնական վարկածով՝ հենց նա էլ իր մոտ եղած ատրճանակով կրակել է: Առայժմ հրազենի տեսակը պարզել չի հաջողվել:
Իրավապահները պարզում են, թե ինչ նպատակով էին անձինք հավաքվել Տիգրան Մեծի պողոտայում և որն է եղել կրակելու պատճառը: Ըստ որոշ տեղեկությունների՝ հավաքված անձանց թվում է եղել նաև կրակողի հայրը: