«Տակը բան պիտի լինի, որ հնարավոր լինի». Ծառուկյանը` իրեն մանդատից զրկելու մասին

Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը վստահ է, որ իրեն մանդատից չեն զրկի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը համոզված է, որ իրեն պատգամավորական մանդատից զրկելու հիմքեր չկան։ Նա այս մասին ասաց այսօր լրագրողների հետ զրույցում։

Լրագրողները հարցրին Ծառուկյանից` հնարավո՞ր համարում եք, որ ձեզ մանդատից զրկելու գործընթաց սկսվի։

«Ուրեմն տակը բան պիտի լինի, որ հնարավոր լինի։ Քանի որ բողոքը տրվել ա, պարտավոր են բողոքին ընթացք տալ, լսել և ըստ սահմանադրության որոշում ընդունել»,– ասաց Ծառուկյանը։

Հիշեցնենք` «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում է հղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրելով ԲՀԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։

Տոնոյան․ «Ծառուկյանի անունը շահարկելով փորձում են իրենց գոյության մասին հիշեցնել»

Սահակյանը դիմել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասը՝ պատգամավորի լիազորությունների դադարեցումը ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում: Սուրեն Սահակյանն իր պահանջը հիմնավորում է Գագիկ Ծառուկյանի վերջին մի քանի հարցազրույցներում հնչեցրած հայտարարություններով։ Խոսքը վերաբերում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածին, ինչի հաստատման դեպքում նշված պատգամավորի լիազորությունները, ըստ Սահակյանի, պետք է դադարեցվեն: «Հայաստանի Հանրապետությունում բիզնեսը պետական կառավարման համակարգից պետք է տարանջատված լինի և վերջ»,- նշվում է «Քաղաքացու որոշում» կուսակցության տարածած հայտարարության մեջ։

«Քաղաքացու որոշում» կուսակցության հաղորդումն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։