Սիրիայի Մեծ Մուֆթին շնորհակալություն է հայտնել Հայաստանին հումանիտար առաքելության համար

ՀՀ հումանիտար առաքելության խմբի մարդասիրական աշխատանքներն արժանացել են Սիրիայի ժողովրդի մեծ համակրանքին և բարձր գնահատականին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Մայիսի 1-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի է ունեցել հանդիպում Սիրիայի Արաբական Հանրապետության Մեծ Մուֆթի (հոգևոր առաջնորդ) Ահմադ Բադր ալ-Դին Հասունի (Ahmad Badr Al-Din Hassoun) խորհրդական Բասել Կաս Նասրալլահի (Basel Kas Nasrallah) հետ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ականի պայթյունից տուժած սակրավորը որոշել է վերադառնալ Սիրիա. երեխաները խաղում են ականներով

Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել սիրիահայ համայնքի կառուցողական դերակատարությունն ու անգնահատելի ավանդը Սիրիայի շենացման և բարգավաճման գործում: Բասել Կաս Նասրալլահը Հայաստանի Հանրապետության իշխանություններին և ժողովրդին փոխանցել է Սիրիայի Արաբական Հանրապետության Մեծ Մուֆթիի երախտագիտությունն ու շնորհակալական խոսքերը՝ ՀՀ հումանիտար առաքելության խմբի գործունեության կապակցությամբ` միաժամանակ շեշտելով, որ խմբի մարդասիրական աշխատանքները թե՛ առողջապահության, թե՛ հումանիտար ականազերծման ոլորտներում արժանացել են Սիրիայի ժողովրդի մեծ համակրանքին և բարձր գնահատականին:

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն իր հերթին նշել է, որ սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում Դամասկոսում և Հալեպում գործող Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատել են ողջ թափով` Սիրիայի ժողովրդի հետ հավասարաչափ կիսելով պատերազմի ողջ զրկանքներն ու դառնությունները: Հայաստանի կառավարության և ժողովրդի անունից բազում մարդասիրական օգնություններ են ուղարկվել Սիրիայի բարեկամ ժողովրդին` այն դիտարկելով առաջին հերթին որպես բարոյական պարտքի դրսևորում:

Թադևոսյան․ «Երբ խանութում իմանում էին հայ սակրավոր ենք, գումար չէին վերցնում»

Գլխավոր հյուպատոսությունում ՀՀ հումանիտար առաքելության խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը, շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի և վստահության համար, նշել է, որ մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված մեծ մարդասիրությունը չի մոռացվել աշխարհասփյուռ հայ ժողովրդի կողմից, և, որ խմբի գործունեությունը Հայաստանի Հանրապետության եղբայրական աջակցությունն է պատերազմական Սիրիային` միտված Սիրիայում բնակվող ժողովրդի հոգսերի թեթևացմանն ու կարիքավոր քաղաքացիներին բժշկական անվճար ծառայությունների մատուցմանը:

Փետրվարի 8–ին ՀՀ պաշտպանության նախարարությունը 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբ էր գործուղել Սիրիա` հումանիտար առաքելություն իրականացնելու։

Մարտի 7–ին առաքելության անդամ, փոխգնդապետ Վահան Թադևոսյանը ականի պայթյունից վիրավորվել էր, որից հետո նրա աջ ոտնաթաթն ամպուտացվել էր։