Սևանում ջրի մակարդակը սկսում է բարձրանալ, բայց շատ մի ուրախացեք` առջևում 2030 թվականն է

Սա այն բացառիկ դեպքերից է, երբ մեր բախտը բերում է. այս տարի Հայաստանում ոռոգման խնդիրներ չեն լինի։ Ջրամբարները լցված ու շարունակում են լցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Մինչև հուլիս 1-ը Սևանի մակարդակը կբարձրանա 45 սմ–ով։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Հիմա արդեն սկսվում է երկու օրում 1 սմ բարձրանալու պրոցեսը»,– նշեց նախարարը` հավելելով, որ մայիսին տեղումնառատ եղանակ է կանխատեսվում, բացի այդ լեռներում ձյան հալոցքը նոր է սկսվելու։

Սևանի պահպանությամբ նոր պաշտոնյաները կզբաղվեն

Հայաստանի մնացած բնական ու արհեստական ջրամբարներում ևս, նախարարի խոսքով, ջրի մակարդակը բարձր է։

«Կարելի է արձանագրել, որ բոլոր տեղերում մենք ունենք շոշափելի ավել պաշարներ, ընդ որում` այս տարվա առանձնահատկությունն այն է, որ ջրամբարների լցվելու պրոցեսը դեռ կանգնած չէ։ Որ ուշադիր նայենք` լեռներում ձյունը դեռ նստած է»,– ասաց վարչապետ Փաշինյանը։

Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտնեց, որ ոռոգման սեզոնին ընդառաջ մեկնարկել են նաև ջրանցքների, գետերի հուների մաքրման աշխատանքները։

Ամփոփելով Հայաստանի ջրային պաշարների թեման` վարչապետը հայտարարեց, որ այս տարի այն բացառիկ դեպքն է, երբ «մեր բախտը բերում է»։

Վարչապետի լավատեսությունը, սակայն, ստվերեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը` հիշեցնելով, որ գլոբալ ջերմացմանը վերաբերող միջազգային հետազոտությունների համաձայն` մինչև 2030թ.–ը տարածաշրջանում գետային հոսքը նվազելու է շուրջ 30 տոկոսով։ Մյուս կողմից Սև ու Կասպից ծովերից գոլորշիացման ավելացումը կարող է ակտիվ տեղումներ ու ջրհեղեղներ առաջացնել Հայաստանում։