ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ դադարեցվել են «Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի բոլոր գործող անդամների լիազորությունները:
Նախկին անդամներին այսուհետ կփոխարինեն բնապահպանության, տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների, առողջապահության նախարարությունների նոր ներկայացուցիչները և Գեղարքունիքի մարզպետը:
Վերջնական փոփոխությունները կատարելու համար կառավարությունը 1 ամիս ժամանակ տվեց բնապահպանության նախարարին։
Նշենք, որ հիմնադրամը ստեղծվել էր 2011թ.–ին, և դրա հոգաբարձուների խորհրդի կազմը` որոշ փոփոխություններով նշանակվել էր 8 տարի առաջ։
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն էին բնապահպանության նախկին նախարար, միջազգային հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Տիգրան Հարությունյանը, ֆինանսների նախարարի նախկին տեղակալ Պավել Սաֆարյանը, արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արամ Օրբելյանը, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Խորհրդի նախագահի պաշտոնում 2014թ.–ին նշանակվել էր ՀՀ նախագահի նախկին գլխավոր խորհրդական Արամ Ղարաբյանը։