Պաշտոնյաները նեղվում են սոցցանցերում հայհոյանքներ շալակելուց. կլինի՞ պատասխանատվություն

ՀՀ գլխավոր դատախազն ԱԺ ԲՀԿ–ական պատգամավորին առաջարկեց ցանկության դեպքում օրենսդրական փաթեթ մշակել` վիրավորանքը քրեականացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Պաշտոնյաներն ու Ազգային ժողովի պատգամավորները, երբ ԱԺ–ից կամ այլ ամբիոնից ինչ-որ հայտարարություն են անում, ոչ թե մտածում են, թե ինչ քաղաքական գնահատական կտրվի դրան, այլ երեկոյան համացանցում ինչ հայհոյանքներ կշալակեն։ Ազգային ժողովում` պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ, նման կարծիք հայտնեց ԲՀԿ–ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Լուսավոր Հայաստանի» առաջարկությունը զվարճացրեց Փաշինյանին, Զեյնալյանը ևս դեմ էր

Նա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե դատախազությունն ի՞նչ քայլեր է անում այս ամենի կանխարգելման համար, քանի որ այս առումով Ոստիկանությունը կոնկրետ անգործություն է դրսևորում։

Ի պատասխան Դավթյանը նշեց, որ հայհոյանքը խուլիգանություն դիտարկելու օրինակ երբևէ չի եղել։ «Համացանցային հարձակումները տհաճ են ցանկացած մարդու և պաշտոնյայի համար։ Սա, իմ գնահատականով, անընդունելի երևույթ է։ Սակայն ես համաձայն չեմ, որ իրավապահ մարմիններն անգործություն են դրսևորում. ոչ, նրանք չեզոքություն են դրսևորում։ Հայհոյանքը խուլիգանություն դիտարկելու օրինակ երբևէ չեմ հանդիպել` այն դասական վիրավորանքի ձև է»,–ասաց նա։

Դիմելով Գևորգ Պետրոսյանին` դատախազն ասաց, որ եթե ուզում է, ապա կարող է օրենսդրական նախաձեռնություն մշակել ու վիրավորանքը քրեականացնել, որպեսզի իրավապահ մարմիններն էլ վիրավորանքի բոլոր դեպքերի հետևից գնան։