Հրաժեշտ «լայքերին» . Insatgram-ը լուրջ փոփոխությունների է ենթարկվելու. տեսանյութ

Հանրահայտ սոցցանցից կհեռացվեն որոշ գործառույթներ, որոշներն էլ կավելացվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Instagram-ում թարմացումներ են լինելու։ Facebook-ի ներկայացուցիչներն այս մասին հայտնել են Սան Խոսեում կայացած F8 համաժողովի ժամանակ։ Հավելվածը նոր ինտերֆեյս է ունենալու ֆոտոնկարահանումների և վիդեոնկարահանումների ժամանակ։

Instagram-ում հնարավոր է լինելու գրառում կատարել հենց «տեսախցիկի ռեժիմից»։ Ներքևում ավելանալու է ռեժիմների, սթիքերների և այլ էֆեկտների փոփոխման անիվը։ Սոցցանցի մշակողները խոստացել են նոր ինտերֆեյսը թողարկել առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։

Stories-ում ավելանալու է նվիրաբերությունների սթիքեր, որի միջոցով, ընդամենը մեկ հպումով մարդիկ կարողանալու են գումարով օգնել տվյալ ոչ կոմերցիոն կազմակերպությանը։

Facebook-ը նոր դիզայն կունենա․ տեսանյութ

Այս հնարավորությունից օգտվելու համար ընդամենը անհրաժեշտ է ստեղծել «պատմություն», ավելացնել հատուկ սթիքերը և նշել կազմակերպությունը։

Instagram-ը մտադիր է իր հարթակում զարգացնել առևտուրը և այդ նպատակով ավելացրել է նկարների վրա «կոշիկ», «հագուստ», «աքսեսուար» և այլ ապրանքներ նշելու հնարավորությունը։ Գնում կատարելու համար անհրաժեշտ է անցնել տվյալ նկարի վրա տեղադրված հղումով։ Այս նորամուծությունը կսկսվի փորձարկել հաջորդ շաբաթվանից։

Սոցցանցի աշխատակիցները մտադիր են գրառումների տակից հեռացնել մոլուցք դարձած «լայքերի» հաշվիչը, որպեսզի օգտատերերն ավելի մտահոգված լինեն բուն կոնտենտով, ոչ թե որքան like կհավաքի այն։

Չի բացառվում, որ սրա փոխարեն ավելանա թաքնված «լայքերի» գործառույթը։

Նոր ինտերֆեյսը փորձարկվելու է Կանադայում։

Նշենք, որ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը դեռ 2012 թվականին մեկ միլիարդ դոլարով գնել էր Instagram–ի բաժնետոմսերը։