Հափշտակությունների, բնակարանային գողության դեպքերի 60 տոկոս աճ է գրանցվել. Արթուր Դավթյան

Ըստ դատախազի, նախորդ տարի վերջին 30-40 տարվա ընթացքում սպանությունների ամենացածր ցուցանիշն է գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. 2018–ին հափշտակությունների և բնակարանային գողությունների 60 տոկոս աճ է գրանցվել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«2018–ին վատագույն արդյունքներ ենք ունեցել երկու հանցատեսակների աճման առումով` ավելացել են հափշտակությունները (60 տոկոսով) և ճանապարհային երթևեկության կանոնների հանցավոր խախտման դեպքերը (30 տոկոսով)։ Այս հանցագործությունների կանխարգելման համար դեռևս անցած տարվա վերջից սկսել ենք միջոցառումներ իրականացնել»,–ասաց նա։

30 համաներվածները 42 նոր հանցագործություն են կատարել. Ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազը նշեց նաև, որ, մյուս կողմից, վերջին 30-40 տարվա ընթացքում սպանությունների ամենացածր ցուցանիշն է գրանցվել 2018–ին. նախորդ տարի 38 սպանության դեպք է եղել։ Ըստ նրա` սպանության դեպքերի երկնիշ թվերով ցուցանիշ արձանագրվել է 1980–ականներին, երբ միջինը 40 սպանության դեպք է եղել։ 1990–ականներից սկսած` սպանությունների միջին թիվը 300–ից ավելի է եղել։

«Սակայն 1998–ից սկսած` եռանիշ թվով սպանության դեպքեր չենք ունեցել, այսինքն` առանձին տարիների բացառությունները հանած` այս հանցագործության տենդենցը նվազման է գնացել։ Նվազել են նաև առողջությանը ծանր վնաս պատճառելու, ավազակության դեպքերը»,–ասաց ՀՀ գլխավոր դատախազը։

Ըստ նրա` մեր երկրում հանցավորության պատկերում մեծ հաշվով բացասական ցուցանիշներ չունենք։

Արթուր Դավթյանը հավելեց նաև, որ արդարադատության նախարարությանն օրենսդրական փաթեթ են ներկայացրել, ըստ որի`բնակարանային գողության, կողոպուտի համար նախատեսված պատիժը պետք է խստացվի, ինչպես նաև պետք է խստանան վերահիշյալ հանցագործությունների կատարողների պատժի կրման և պատժից ազատման մեխանիզմները։