Ռուսաստանում կարող է հայտնվել «օդային մարշալների ծառայություն». ՆԳՆ

Ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Տարուշկինը կարծում է, որ թռիչքի ժամանակ ՆԳՆ աշխատակցի գտնվելը, «անկասկած, կսառեցնի տաք գլուխները»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Ռուսաստանում կարող է հայտնվել «օդային մարշալների ծառայություն», այդ թեման քննարկվում է և գտնվում է մշակման փուլում, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է ՌԴ ՆԳՆ տրանսպորտում հասարակական կարգի պահպանության հարցերով ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Տարուշկինը։

«Շերեմետևոյում» Բաքվից ժամանած ինքնաթիռի միջադեպի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել

Ավելի վաղ Ռուսաստանի ՆԳՆ–ում գործակալության հարցմանը պատասխանել էին, որ «Ոստիկանության մասին» օրենքով և նախագահի հրամանով` նախատեսված չեն ոստիկանության ստորաբաժանումներ, որոնք կկատարեն «օդային մարշալների ծառայության» լիազորություններ։

«Դուք նկատի ունեք «ավիացիոն մարշալների ծառայություն» ներմուծելու նախաձեռնությո՞ւնը։ Հիմա դա քննարկվում է, բայց որևէ որոշում դեռ չկա։ Ամեն ինչ մշակման փուլում է, առայժմ կոնկրետ ժամկետներ չկան»,– ասել է Տարուշկինը` ի պատասխան ՌԻԱ Նովոստիի թղթակցի հարցի ինքնաթիռներում ոստիկաններ հայտնվելու հնարավորության մասին։

Նա նշել է, որ թռիչքի ժամանակ ՆԳՆ աշխատակցի ներկայությունը, «անկասկած, կսառեցնի տաք գլուխները»։

Փորձագետները կրկին այս թեմային անդրադարձել են հունվարի վերջին, երբ Սուրգուտ–Մոսկվա չվերթն իրականացնող «Աերոֆլոտի» ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Խանտի Մանսիյսկի օդանավակայանում, երբ ուղևորներից մեկը պահանջել է թռչել Աֆղանստան։