84 մլրդ դրամի պետությանը պատճառված վնաս է բացահայտվել. գլխավոր դատախազն ասաց`ինչպես

Կոռուպցիոն տարրերով պետությանը պատճառված վնասի դեպքերի բացահայտումը 12 անգամով ավելի է եղել, քան 2017–ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Կոռուպցիոն բացահայտումներում 2018–ին աննախադեպ ցուցանիշ է գրանցվել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Կոռուպցիոն տարրերով պետությանը պատճառված վնասի դեպքերի բացահայտումը 12 անգամով ավելի է եղել, քան 2017–ին։ Ավելին` 2018–ին պետությանը պատճառված վնասի փոխհատուցումն էլ 15 անգամով գերազանցել է դրա նախորդ տարվա ցուցանիշը։ 2018–ին պետությանը պատճառված վնասի` 5 մլրդ դրամ փոխհատուցում ենք ունեցել»,–ասաց նա։

Հափշտակությունների, բնակարանային գողության դեպքերի 60 տոկոս աճ է գրանցվել. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազի խոսքով` այսօր քննվող ու քննված քրեական գործերով շուրջ 84 մլրդ դրամի պետությանը պատճառված վնաս է բացահայտվել, որից 27 մլրդ դրամն արդեն իսկ վերականգնել են։

Անդրադառնալով հարցին, թե ինչն է նպաստել, որպեսզի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման նման աճ գրանցվի` նա նշեց, որ շուրջ 3 անգամ աճել է քաղաքացիների` կոռուպցիոն դեպքերին առնչվող հաղորդումները. «Մարդիկ ամեն պահ իրենց աչքի տեսած հնարավոր կոռուպցիոն դրսևորման մասին ահազանգում են»։

Բացի այդ, ըստ Դավթյանի, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հարցում գործադիր իշխանության մարմինների նախաձեռնողականությունն է մեծ դեր ունեցել։Նրա խոսքով` 2018–ին էապես աճել են կալանքի դիմաց գրավի կիրառման դեպքերը։ «Այլ ելք չունենք, քանի որ մեր օրենսդրությունը խափանման միջոցների առումով շատ սահմանափակ հնարավորություններ ունի։ Մեր երկրում կալանքին այլընտրանքը միայն գրավն է»,–ասաց նա։

Գլխավոր դատախազը նշեց, որ օրենքի նախագիծ են մշակել և ներկայացրել կառավարություն, որպեսզի այլընտրանքային խափանման միջոցներ սահմանվեն։