Ուղղենք մեր մեջքը, հավատանք մեր ուժերին. Փաշինյանը մայիսմեկյան շնորհավորական ուղերձ է հղել

ՀՀ իշխանությունների քայլերն ուղղված են լինելու յուրաքանչյուր քաղաքացու տնտեսական վարքագիծը փոխելուն։ Հայաստանը պետք է դուրս գա ցածր որակավորմամբ աշխատուժ ունեցող երկրի կարգավիճակից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին` Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։ Վարչապետն իր ուղերջում կրկին խոսել է տնտեսական հեղափոխության մասին։

Սարգսյանն Աշխատանքի օրվա առթիվ ուղերձ է հղել

«Ինչպես քաղաքական հեղափոխության, այս դեպքում էլ մեզ համար հիմնական և առանցքային գործիքը շարունակում է մնալ անհատական ջանքը: Այսինքն՝ մեր հիմնական գործիքակազմը պետք է լինի քաղաքացիներին, մարդկանց խրախուսելը՝ աշխատելու, գործելու, տնտեսական գործունեություն ծավալելու, հավատալու սեփական ուժերին և հաջողությանը։ Մեր քայլերն ուղղված են լինելու յուրաքանչյուր քաղաքացու տնտեսական վարքագիծը փոխելուն՝ ինչպես տնտեսական գործունեության օբյեկտ, այնպես էլ տնտեսական գործունեության սուբյեկտ հանդիսանալու պարագայում»,– նշված է վարչապետի ուղերձում։

Ինչպե՞ս է Հայաստանը տնտեսական հեղափոխություն անելու. բացատրում է Փաշինյանը

Փաշինյանի խոսքով` կառավարության ուշադրության կենտրոնում է նաև աշխատողների իրավունքների պաշտպանությունը, և այդ ուղղությամբ ևս իրականացվում են հետևողական քայլեր:

«Մեր երկիրը պետք է դուրս գա ցածր որակավորմամբ աշխատուժ ունեցող երկրի կարգավիճակից, ուստի ջանքեր չենք խնայելու, որպեսզի Հայաստանը լինի բարձր որակավորման աշխատուժի երկիր: Այդ նպատակով, ՀՀ կառավարությունը միջոցառումներ է իրականացնելու ուղղված կրթական համակարգի բարելավմանը, որպեսզի վերջինս մեր պետությանն ապահովի բարձր որակավորմամբ աշխատուժ, որ այն պահին, երբ ուսանողները դուրս գան համալսարաններից՝ ունենան մրցունակ մասնագետի կարգավիճակ»,– նշում է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ աշխատանքով, ջանասիրությամբ, եռանդով ու ստեղծագործական մտքով աչքի ընկնող հայ ժողովուդը կկարողանա իր աշխատանքով զարգացնել ու շենացնել երկիրը։