ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի –Sputnik, Լաուրա Սարգսյան. Երևանի կենտրոնում այս օրերին կարելի է բազմաթիվ ռուսաստանցի զբոսաշրջիկների տեսնել։ Հանրապետության հրապարակում, Երևանի գլխավոր շատրվանի մոտ կարելի է հանդիպել ռուսաստանցիների, որոնք վայելում են ջերմ ու արևոտ եղանակը։ Նրանք ժամանել են դաշնության տարբեր քաղաքներից, սակայն նրանցից յուրաքանչյուրը կարճ մի քանի օրերի կամ նույնիսկ ժամերի ընթացքում արդեն հասցրել է հիացած մնալ հայերի հյուրընկալությամբ և գեղեցկությամբ։
Մարգարիտա Լատիշևայի հետ մենք ծանոթացանք հենց Հանրապետության հրապարակում։ Աղջիկը քայլում էր իր խմբի հետևից, որը Վրաստանով և Հայաստանով էքսկուրսիոն տուրի շրջանակում երեք օրով է եկել մեր երկիր։ Մարգարիտան Տոլյատիից է։
«Շատ արևոտ Հայաստանը մեզ դիմավորեց երևանյան ջերմությամբ ու գեղեցկությամբ։ Մեզ մոտ՝ Ռուսաստանում այսքան հուշարձաններ չկան, որքան ձեզ մոտ», –Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց նա։
Նա հաճելիորեն զարմացած է նախ հայերի՝ ավագներին հարգելու սովորույթից, հետո՝ համեղ խոհանոցից։ Որպես հուշ նա Հայաստանից իր հետ կտանի հայկական կոնյակ։
Մենք հրաժեշտ տվեցինք Մարգարիտային և ծանոթացանք Վյատկայից (Ռուսաստանի Կիրովի մարզ) ժամանած զբոսաշրջիկներ Նատալյա Նեբովայի և Եկատերինա Անդրեևայի հետ։ Աղջիկները քաղաքի կենտրոնում նստարանին նստած արևի ջերմությունն էին վայելում։
«Մեզ մոտ Վյատկայում դեռ ձյուն է, ցուրտ է, ցերեկը` +5, +7 աստիճան։ Հայաստանում եմ արդեն երկրորդ անգամ։ Առաջին անգամ Ամանորին էինք եկել երկիրը տեսնելու, պատմությանը հաղորդակից լինելու, ծանոթանալու ժողովրդի հետ։ Ինձ դուր եկավ», –Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Նատալյան։
Աղջիկը խոստովանեց, որ Հայաստանը նրան պարզապես ստիպել է սիրահարվել։ Առաջին անգամ բազմաթիվ վայրեր էին մնացել, ուր չէր հասցրել այցելել, այդ պատճառով նա որոշել էր երկրորդ անգամ գալ և ցույց տալ մեր երկիրն ընկերուհուն` Եկատերինային։
Նրանք տպավորված են հայերի հյուրընկալությամբ և հիասքանչ հուշարձաններով, որոնք պարզապես պատմությամբ են բուրում։
«Այստեղ մեզ հոգեպես հարստացած ենք զգում։ Բազմաթիվ տեսարժան վայրերում եղանք, գեղեցիկ տեղեր, որոնցով կարող ենք պարծենալ։ Ի դեպ, ձեր երկիրը Վրաստանից ավելի մատչելի է», – ասաց Նատալյան։
Նրա խոսքով` գները մատչելի են նույնիսկ ամենաթանկ հաստատություններում։ Նատալյան նշեց, որ նա նույնիսկ փոքր–ինչ զղջում է, որ Վրաստանն ավելի գովազդված է զբոսաշրջության առումով, իսկ Հայաստանն անտեսված, թեև ոչ մի բանով չի զիջում։
Աղջիկներն իրենց հետ կտանեն չրեր, հայկական ըմպելիքներ և երևանյան արևի մի մասնիկը։
Իսկ այ պետերբուրգցի Անաստասիա Գոլնևան և մոսկվացի Մարիա Մոսովան Հայաստանում առաջին անգամ են։ Աղջիկները նշում են, որ Երևանը թեև փոքր է, բայց շատ կոլորիտային է։ Այն իրենց հիշեցնում է մանկությունը։
Մոսկվաբնակ Ալեքսանդր Եփրեմենկոն և Քսենիա Կարաբրինան աղջիկների հետ համակարծիք են։ Նրանք խոստովանեցին, Մոսկվայում նման բան այլևս չես տեսնի։
«Քայլում ես փողոցներով և հանկարծ ավերակներ տեսնում, շրջվում շենքի անկյունն ու տեսնում հրապարակ և պալատ», –Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ալեքսանդրը։
Նրանք շոյված են այն ուշադրությունից, որ իրենց արժանացրել են Հայաստանում։ Նրանք ժամանել էին առավոտյան 5-ին և պետք է սպասեին համարին մինչև 14:00։ Սակայն ընկերությունը, որին նրանք դիմել էին, որոշել էր նրանց հաճելի մի բան անել և ժամանակավոր նրանց համար էր հատկացրել այլ հյուրանոցում։
«Անսպասելի էր և հաճելի։ Կարծում եմ, որ Մոսկվայի ընկերասիրությունը կավարտվեր նրանով, որ մեզ կասեին, որ համարներ չկան, սպասեք մինչև 14:00–ն։ Մեզ ընդունեցին և մենք 8 ժամ փողոցներում չէինք թափառում», – ասաց Ալեքսանդրը։
Զույգը Հայաստանում ևս 3 օր կանցկացնի և մտադիր է տեսնել Սևանա լիճը։