Facebook-ը նոր դիզայն կունենա․ տեսանյութ

Ընկերության հիմնադիր և տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ կայքի գույնը փոխվելու է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Facebook սոցիալական ցանցը ծրագրում է փոխել կայքի և հավելվածների արտաքին տեսքը։ Նոր դիզայնը, որը ստացել է FB5 անվանումը, ամենամեծերից մեկն է դառնալու նախագծի 15–ամյա պատմության ընթացքում։ Ի տարբերություն մյուս թարմացումների՝ դիզայներները կհեռացնեն մենյուի կապույտ հատվածը, որը պահպանվել է կայքի և սոցցանցի հավելվածի բոլոր փոփոխությունների ժամանակ։

Նոր դիզայնում հիմքը դրվելու է բաց գույների վրա, մենյուն դառնալու է սպիտակ, բայց կապույտ կմնան տարբերանշանը, նշանները (иконки) և մի քանի հղումներ։ Էջի կառուցվածքը որևէ լուրջ փոփոխության չի ենթարկվի․ օգտատերը ձախ կողմում կտեսնի Facebook-ի խմբերի և հավելվածների մենյուն, կենտրոնում՝ նորությունների ժապավենը, իսկ աջ կողմում՝ իր կոնտակտները, ինչպես նաև նոր խմբերի որոնման դաշտը։ Ինչպես երևում ,է նոր թարմացումը կենտրոնացած է լինելու խմբերի վրա․ դրանց համար նույնիսկ առանձին հատված է առանձնացված գլխավոր մենյուում։

Ընկերության աշխատակիցները կարծում են, որ նման մոտեցումը թույլ կտա օգտատերերին ավելի հեշտ գտնել հետաքրքիր խմբերը։ Բացի դրանից, սոցցանցն անհատական մոտեցում է խոստանում յուրաքանչյուր խմբի ուղղվածությանը։ Օրինակ՝ կլինի հնարավորություն բժշկական խմբերում անանուն հարցեր ուղղել և գրառումներ հրապարակել, իսկ աշխատակիցների փնտրման էջերը կզինվեն աշխատատեղերի մասին գրառումների նոր շաբլոններով, որոնց միջոցով աշխատանք փնտրողները շատ հեշտ կկարողանան կապ հաստատել գործատուի հետ և իրենց ռեզյումեն ուղարկել անմիջապես Facebook-ի միջոցով։

Նորամուծություններից մեկն էլ Meet New Friends բաժինն է, որը, ելնելով օգտատիրոջ նախասիրություններից, աշխատելու, սովորելու, բնակվելու վայրից, նոր ընկերներ է առաջարկելու։ Նշվել է, որ ֆունկցիան չի միանա, քանի դեռ օգտատերն ինքը չմիացնի և չհաստատի, որ պատրաստ է նոր ընկերներ գտնել։ Meet New Friends-ը դեռևս թեստավորման փուլում է, այնպես որ այն չի թողարկվի գալիք ռեդիզայնի հետ։

Արդեն կարելի է անցյալ ժամանակով խոսել «կապույտների» թիմի մասին, քանի որ հենց այսօրվանից դիզայնի փոփոխությունները և սոցցանցի հնարավորությունները կհայտնվեն սոցցանցի բջջային հավելվածներում, իսկ մի քանի ամսվա ընթացքում լիովին կփոխվի նաև կայքը։

Հիշեցնենք, որ միլիարդավոր օգտատերեր ունեցող սոցցանցը 2004 թվականին ստեղծել են Մարկ Ցուկերբերգն ու նրա ընկերները։