Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը կշարունակվի

Ծնող–ուսանողները ուսման վարձի փոխհատուցում կստանան Հայաստանի երիտասարդական հիմնադրամից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Նոր ուսումնական տարվա հետ նորից կմեկնարկի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` ուսանող ծնողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը։  Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց հիմնադրամի նոր տնօրեն Արգամ Արշակյանը։

«Այս տարի 31 շահառու է եղել, նոր ուսումնական տարվա հետ կմեկնարկի ծրագրի նոր փուլը», - նշեց նա։

Ծրագրի շահառու դառնալու համար պարտադիր նախապայմաններն են, որ ծնողը սովորի պարտադիր առկա համակարգում, կարևոր չէ մասնավոր, թե պետական բուհում, ունենա երկու և ավելի երեխաներ։ Ծրագրի շրջանակում հիմնադրամը փոխհատուցում է ուստարվա վարձը։

Այս նախաձեռնությունը նպատակ ունի սոցիալական աջակցություն ցուցաբերել երիտասարդ ընտանիքներին, նպաստել երիտասարդների կրթության շարունակելիությանը, երկրորդ մասնագիտություն ստանալուն։