Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Արտուշ Եղիազարյանին բավական կարճ ժամանակում շատերը ճանաչեցին Գյումրիում, և ոչ միայն ճանաչեցին, այլև սիրեցին: Թվում է` որևէ գերբնական բան չկա. հարմարավետ, ճաշակով ձևավորած սրճարան է բացել, որտեղ կարելի է բնական մեղրով մի բաժակ թեյ վայելել (այո, այստեղ ամեն ինչ բնական է, օրգանական, տնական):
Ո՞րն է Herbs&Honey նախագծի մեխը, բացի նրանից, որ Գյումրիում նմանը չկա... Սրճարանի հիմնադիր և սեփականատեր Արտուշ Եղիազարյանը այդ նախագծի շնորհիվ փորձում է տարածաշրջանում զարգացնել սոցիալական ձեռնարկատիրությունը։
«Իհարկե, ավելի հեշտ կլիներ աշխատել խոշոր արտադրողի հետ, որի մոտ հնարավոր կլիներ պատվիրել ամեն ինչ միանգամից, սակայն մենք որոշեցինք այլ ճանապարհով գնալ», – ասում է Արտուշը։
Նա փոքր ընտանեկան ձեռնարկությունների հետ է աշխատում, որոնցից յուրաքանչյուրն ինչ-որ բան է ստեղծում և արտադրում: Մեկը մեղվապահությամբ է զբաղվում, մյուսը` սարերում տարբեր օգտակար խոտաբույսեր հավաքում: Կան նաև նրանք, ովքեր կոմպոտներ, ջեմեր և մուրաբաներ են պատրաստում: Գործարարի խոսքով` Herbs&Honey-ի գաղափարը հանկարծակի չի ծագել, այլ տրամաբանական շարունակությունն է այն գործի, որը նա անում էր երկար տարիներ:
Ակտիվիստից` գործարար
Մոտ 8 տարի առաջ, երբ Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Լոռու մարզում պղնձի և մոլիբդենի արդյունահանման ծրագրի իրականացմանը, շատերը դեմ էին, քանի որ պետք է ոչնչացվեր 500 հա անտառ (նկատի է առնվում Թեղուտի հանքավայրի դեպքը-խմբ.): Արտուշն այն ժամանակ Ժնևում էր բնակվում, սակայն, իմանալով այդ մասին, որոշեց միանալ հանքարդյունահանման այդ նախագծի դեմ բողոքող ակտիվիստներին։
«Ինչով կարողանում, օգնում էի։ Մենք նույնիսկ ՄԱԿ-ին ենք դիմել. այնտեղ ընդունեցին, որ նախագիծը գործարկվել է առանց տեղի բնակչության իրավունքները հաշվի առնելու: Սակայն այդ կազմակերպությունը մեր կառավարության վրա ազդեցության լծակներ չունի, այդ պատճառով մեզ չհաջողվեց խանգարել կործանարար նախագծի իրականացմանը: Այդ ժամանակ մենք որոշեցինք կառուցողական պայքար սկսել», – պատմում է Արտուշը։
Այդ պայքարի էությունը տեղի բնակչությանը այլընտրանքային տնտեսական հնարավորություններ առաջարկելն էր, ինչը մարդկանց թույլ կտար հրաժարվել հանքարդյունաբերության ոլորտում աշխատելուց:
«Այդ տեղանքում շատ է զարգացած մեղվապահությունը, և մենք որոշեցինք մեղրն իրացնելու հարցում օգնել մեղվաբույծներին: Գնում էինք մեղրը և տանում Երևան: Ամբողջ այդ գործունեությունը հասարակական հիմունքներով էր արվում, հայրենասիրական նկատառումներից ելնելով, և շարունակվում էր մոտ 2-3 տարի։ Ես գործընթացը համակարգում էին Ժնևից»,– ասում է Արտուշը։
Շուտով նա հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ Ժնևում ասոցիացիա հիմնեց` նպատակ ունենալով օգնել Հայաստանի մարզերի բնակիչներին արտահանել իրենց արտադրանքը. Շվեյցարիա էին արտահանում խոտաբույսեր, մեղր, չրեր, որոնք հիմնականում տեղի հայերն էին գնում կամ փոքր խանութներում էր վաճառվում:
«Շատ սիրեցի այդ գործը: Այն ինձ Աշոցք բերեց (գյուղ Հայաստանի հյուսիսում, Գյումրիից 35 կմ հեռավորության վրա – խմբ.): Երբ տեսա, թե ինչ հարուստ բնություն կա այնտեղ և ինչ աղքատության մեջ են ապրում մարդիկ, հասկացա, որ այստեղ մի բան այնպես չէ։ Եվ բնական ձևով միտք հղացավ ստեղծել Herbs&Honey–ն», – բացատրում է գործարարը:
Արտուշը Շվեյցարիա մեկնել էր 20 տարի առաջ, այն ժամանակ 26 տարեկան էր: 14 տարի Ժնևում նա աշխատում էր խոշոր դեղագործական ընկերությունում, որտեղ տեխնոլոգիական նախագծերի ղեկավար էր: Ասում է, որ սիրում էր իր գործը, շատ բան է այնտեղ սովորել, բայց միշտ գիտեր, որ դա իրենը չէ:
Թողնելով աշխատանքը՝ Արտուշը 2017 թվականին վերադարձավ հարազատ Գյումրի:
Մասնագիտությամբ տնտեսագետ է և միջազգային հարաբերությունների ոլորտի փորձագետ: Այժմ նրա, թվում է թե, կոմերցիոն նախագիծը, որը մեկ տարուց ավելի է, ինչ կյանքի է կոչվել, ավելի շուտ հասարակականի է նման, բայց գործարարը լավատես է:
«Համոզված եմ, որ շուտով ամեն ինչ դեպի լավը կփոխվի: Պետք է աշխատել: Կարևորը ինձ այստեղ սիրեցին», - ծիծաղելով ասում է Արտուշը։
«Իսկ եթե, ասենք, ոչինչ չփոխվի՞»,– հարցնում եմ ես։
«Դե, այդ դեպքում ստիպված կլինենք փակվել, – ասում է նա ժպտալով և շարունակում։ – Իսկ եթե լուրջ, կարծում եմ, դա սխալ է, որ մենք ստիպված ենք հոսանքի, գազի և մյուս կոմունալ ծառայությունների համար հարկեր վճարել այնքան, որքան մայրաքաղաքի հաստատությունները։ Այստեղ բնակչության մինչև 50%–ն աղքատ է»։
Եվ նրա խոսքում որոշակի տրամաբանություն կա...
Զգացմունքները հաշվարկներին չեն խանգարում
Բացի սեփական նախագիծն առաջ տանելուց, Արտուշը նաև շատ է աշխատում իր քաղաքի զարգացման և գովազդի համար: Ասում է, եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ծրագրել է, 5-6 տարի հետո Գյումրին ֆանտաստիկ վայր կդառնա։
«Գլխավորը, որ գլոբալ կամ տարածաշրջանային խնդիրներ չլինեն: Մենք հիանալի ճարտարապետություն ունենք, մշակութային հարուստ ավանդույթներ: Անհրաժեշտ է զարգացնել ենթակառուցվածքները, ճանապարհներ սարքել, լուծել աղբահանության հարցը», – ասում է նա։
Արտուշը ներգրավված է նաև հասարակական գործունեության մեջ: Գործարարի ջանքերի շնորհիվ հաջողվել է Շիրակի օդանավակայանի մերձակա տարածքն ազատել տաքսիների հսկայական քանակից:
«Շատ եմ բողոքներ լսել զբոսաշրջիկներին «ահաբեկող» տաքսիստների մասին: Կապվեցի ինձ ծանոթ իրավասու մարդկանց հետ, մասնավորապես, պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի, և մի շարք հանդիպումներից հետո խնդիրը լուծված էր։ Այժմ օդանավակայանին հարող տարածքը, որն ամբողջովին մեքենաներով էր լցված, բացարձակ ազատ է: Տաքսիստներն այլևս իրավունք չունեն կայանել այնտեղ, նրանց առանձին տեղ է հատկացվել, և հաճախորդներն իրենք են նրանց մոտենում», – ասում է Արտուշը։
Շիրակի մարզպետը մտադիր է Հասարակական խորհուրդ ստեղծել` առաջարկելով Եղիազարյանին զբաղվել մարզի զարգացման հարցերով։
«Շատ գաղափարներ կան։ Հիմա աշխատում եմ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան հետ, ուզում են Աշոցքում շվեյցարական պանիր արտադրել: Հարուստ տեղանք է, հարմար է կենդանաբուծությունը զարգացնելու համար: Բացի այդ, ուզում եմ զբոսաշրջիկների տանել այնտեղ, ամռանն այնտեղ անասելի գեղեցիկ է, էկոտուրիզմի զարգացման համար բոլոր պայմանները կան: Անցած ամառ 30 հոգանոց խումբ էին հավաքել, լեռան լանջին յոգայով էինք զբաղվում: Մի խոսքով աշխատել է պետք», – ասում է գործարարը:
Նա իսկապես շատ անելիք ունի: Այս ամենից զատ, Արտուշը բոլորովին վերջերս քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում XIX դարի տուն է ձեռք բերել, որպեսի այն հարմարավետ ռեստորան դարձնի:
«Ամեն ինչ մեզանից է կախված... Իհարկե, ես ռոմանտիկ եմ, հայրենասեր, զգացմունքներ ունեմ, բայց կա նաև կոնկրետ հաշվարկ», – ասում է նա։
Եղիազարյանը չի ընդունում տեղի բնակչության թերահավատությունը և մեծ ներուժ է տեսնում ինչպես Գյումրու, այնպես էլ ամբողջ Շիրակի մարզի զարգացման համար: