Պատրաստ եմ ձեռքս կտրել. ինչ ելք է տեսնում Դավիթ Սանասարյանն իր դեմ հարուցված քրգործով

Նրա խոսքով` իր մասնակցությամբ կաշառք ստանալու որևէ տեսանյութ չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Ժամանակավորապես լիազորությունները կասեցված Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի խոսքով` եթե որևէ լրատվամիջոց հրապարակի իր մասնակցությամբ կաշառք վերցնելու տեսանյութ, ապա էքսկլյուզիվ նյութ է խոստանում այդ լրատվամիջոցին։

«Եթե որևէ լրատվամիջոց նման տեսանյութ հրապարակի, պատրաստ եմ իրենց խմբագրությունում ձեռքս կտրել»,–ասաց նա։

Ըստ տարածված լուրերի` իշխանական կուլիսներում Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորող տեսանյութ կա, որը Վանեցյանը ներկայացրել է Փաշինյանին։

Դավիթ Սանասարյանի մեղադրանքն ամբողջությամբ հիմնավոր է. «Հայկական ժամանակ»

Սանասարյանի խոսքով` սա հակահեղափոխական հենք ունեցող ապատեղեկատվություն է։ Նա հավաստիացնում է` նման տեսանյութ չկա ու չի կարող լինել։ «Տեսնում են, որ կա ինձ վստահողների մեծ բանակ, որոնք չեն հավատում, որ ես կարող եմ կապ ունենալ կոռուպցիոն դրսևորումների հետ։ Այս ամենից որոշների տարբեր մասերը մրմուռում են։ Ես սովոր եմ այդ վիճակներին ու ներողամտությամբ եմ վերաբերվում»,–ասաց ՊՎԾ պետը։

Անդրադառնալով հեմոդիալիզի պարագաների գնման հետ կապված ՊՎԾ–ի հայտնաբերած խախտումներին` Սանասարյանը պնդեց, որ «Գնումների մասին օրենքի» խախտումներով է դրանց մրցույթն անցկացվել, և այդ պարագաները 2.2 անգամ ավելի թանկ գնով են վաճառվում պետությանը։ «Մենաշնորհը տվյալ բժշկական կենտրոնում վերացավ։ Անկախ նրանից, թե այս գործն ուր կհասնի` կարծում եմ` արդեն լուրջ արդյունք ունենք։ Ես շատ վստահ եմ, որ այս գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումը, իսկ եթե այդպես գնաց, բավականին լուրջ պայքար է սկսվելու նոր Հայաստանում` իրավական դաշտը մաքրելու առումով»,–ասաց նա։

Հիշեցնենք` Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։ ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Որոշվել էր նաև ժամանակավորապես դադարեցնել նրա պաշտոնավարումը` ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում։

Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու է համարում։ Սանասարյանի փաստաբանները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն` քրեական գործի վարույթը ԱԱԾ–ից այլ քննչական մարմնի վարույթ տեղափոխելու հարցով։