ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի իշխանությունները հազիվ թե պատերազմեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, քանի որ չեն ցանկանում այդ ուժից քաղաքական «տառապյալ կերտել»։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` մեկնաբանելով կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին քննարկումները։
Ինչպես նշեց Բադալյանը, եթե Ծառուկյանն իսկապես խախտել է սահմանադրությունը, ապա պետք է զրկվի մանդատից, բայց եթե նրա գործողություններում «կրիմինալ» չի եղել, ապա ավելորդ քաշքշուկները հիմա ձեռնտու չեն ո՛չ ԲՀԿ–ին, ո՛չ «Իմ քայլը» դաշինքին։
Վերջին շրջանում իշխանության և ԲՀԿ–ի միջև հարաբերությունները դժվար է անամպ անվանել։ Այդ հակասություններն ավելի ակնհայտ դրսևորվեցին «Արարատցեմենտ» գործարանի հետ կապված պատմությունից հետո։
Իսկ վերջերս «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը դիմել է հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` խնդրելով հետաքննություն սկսել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ՀՀ սահմանադրության 95–րդ հոդվածի համաձայն (ձեռնարկատիրական գործունեության հետ պատգամավորի մանդատի համատեղելիության արգելք)։
Սահակյանի կարծիքով, եթե Ծառուկյանի «անօրինական ձեռնարկատիրական գործունեությունը հաստատվի, ապա նրան պետք է զրկեն պատգամավորի մանդատից»։
Կուսակցությունը ստեղծվել է անցած տարի և մասնակցել խորհրդարանական ընտրություններին, սակայն չի կարողացել հաղթահարել անհրաժեշտ արգելքը։ Անցած տարի կուսակցության շատ անդամներ եղել են բողոքի շարժման ակտիվ մասնակիցներ։
Բադալյանը չի բացառում, որ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչներն ուղղակի ցանկացել են հայտարարել իրենց մասին Հայաստանի քաղաքական դաշտում` մեդիադաշտ բաց թողնելով այդքան աղմկահարույց գաղափար։
«Իհարկե, կարելի է փորձել ինչ–որ մութ կետեր գտնել ԲՀԿ–ի և նրա առաջնորդ գործողություններում, քաղաքական ճնշում գործադրել։ Բայց հարց է ծագում` ինչո՞ւ։ Չէ՞ որ ԲՀԿ–ի նկատմամբ ճնշման ցանկացած դրսևորում միայն կբարձրացնի դրա հեղինակությունը հասարակության աչքում։ Չեմ կարծում, որ հիմա դա պետք է իշխանություններին», – ասաց քաղտեխնոլոգը։
Նրա կարծիքով` շատ հաճախ մամուլում հայտնվող բարձրագոչ վերնագրերը նպատակ ունեն ստեղծելու PR ազդեցություն, սակայն այս կամ այն հրապարակման մեջ նկարագրված սցենարների համար իրական նախադրյալներ չկան։ Դա, մասնավորապես, վերաբերում է հաղորդագրություններին այն մասին, որ իշխանություններն իբր ցանկանում են սկսել «Բարգավաճ Հայաստանի» մասնատման գործընթաց։
Որպես նախադեպ` մեջբերվում են 4–ամյա վաղեմության դեպքեր, երբ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ԲՀԿ–ի և նրա առաջնորդի հասցեին կոշտ քննադատությունից հետո կուսակցության շարքերը սկսեցին նոսրանալ։
Բադալյանը կարծում է, որ ռեպրեսիվ մեթոդները Փաշինյանի և նրա իշխանության ոճը չեն։ Բացի այդ, վարչապետի վարկանիշը նախկինի նման բարձր է, և նա պատճառ չունի վատնել այդքան կարևոր քաղաքական ռեսուրսը «Բարգավաճ Հայաստանի» դեմ պայքարի վրա։