Ճանապարհատրասպորտային պատահարների թիվն ավելացել է. ՃՈ պետը հայտնեց, թե ինչու

2019-ի առաջին եռամսյակում տեղի է ունեցել 937 ճանապարհատրանսպորտային դեպք, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում տեղի էր ունեցել 768 ՃՏՊ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. 2019-ի առաջին եռամսյակում ՀՀ տարածք մուտք է գործել 23 549 տրանսպորտային միջոց՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 12 574-ի փոխարեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Եգոր Կարապետյանը:

Հենց սրանով էլ, ըստ նրա, պայմանավորված է այն հանգամանքը, որ ճանապարհատրանսպորտային դեպքերի թիվն ավելացել է:

ՃՏՊ–ների հետևանքով մահացած քաղաքացիների թիվը նվազել է. Փաշինյան

«2019թ.-ի առաջին եռամսյակում տեղի է ունեցել 937 ճանապարհատրանսպորտային պատահար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում տեղի էր ունեցել 768 ՃՏՊ: Սակայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տեղի ունեցած ՃՏՊ-ների հետևանքով 63 մարդ է մահացել, որը 12-ով ավելի քիչ է, քան նախորդ տարի: Վրաերթի հետևանքով մահացածների թիվն այս տարի 3–ով պակաս է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նույն ցուցանիշն է նաև մինչև 16 տարեկանների մահերի դեպքում»,-ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ ՃՏՊ-ների հետևանքով վնասվածք ստացողների թիվն է ավելացել. այս տարվա առաջին եռամսյակում ՃՏՊ-ի հետևանքով վնասվածք է ստացել 1400 մարդ՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1124-ի փոխարեն: