ՀՅԴ–ն պատրաստվում է անվստահություն հայտնել Փաշինյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթին հայտնի են դարձել որոշ մանրամասներ ՀՅԴ առաջիկա գործողությունների վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. «Հրապարակ» թերթի աղբյուրի համաձայն` ՀՅԴ–ն դեկտեմբերին կսկսի վարչապետ Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթացը։ «Մայիս-հունիս ամիսներին ներքաղաքական լարվածությունը կհասնի պիկին` «Գազպրոմի», ՀԷՑ-ի, ցեմենտի, կառավարության օպտիմիզացման գործընթացների-կրճատումների արդյունքում։ Դեկտեմբերին կսկսենք վարչապետ Փաշինյանի նկատմամբ անվստահության բուն գործընթացը»,- թերթին ասել է ՀՅԴ իրենց աղբյուրը:

ՀՅԴ–ն կառավարության ծրագրում նկատել է Լևոն Տեր–Պետրոսյանի հայտնի սկզբունքը

Ինչո՞ւ դեկտեմբերին և ոչ հենց հունիս-հուլիսին հարցին պատասխանել է. «Որովհետեւ վարչապետի նկատմամբ անվստահություն կարելի է հայտնել պաշտոնի ստանձնումից 1 տարի անց»: Բայց ինչպե՞ս եք անվստահության գործընթաց սկսելու՝ առանց ԱԺ-ում ներկայացված լինելու։ Ասում են՝ ԱԺ ուժերի հետ քննարկում եք մանդատները վայր դնելով ճգնաժամ առաջացնելու տարբերակը` ողջ համամասնական ցուցակով, ճի՞շտ է, որ բանակցում եք ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» հետ։

«Նման սցենար քննարկվում է, սակայն դա բարդ իրագործելի է. նկատեք` մարտ ամսին, իշխանական հարցումներով, Նիկոլ Փաշինյանն ունեցել է 60 տոկոս ռեյտինգ, դա մինչև տրանսգենդերի, մաքսատան աշխատակցի ու Դավիթ Սանասարյանի հետ կապված պատմությունն էր, այսինքն՝ Փաշինյանի ռեյտինգը նվազում է ամսական 2 տոկոսով, հիմա ավելի մեծ արագություն ձեռք կբերի, դեկտեմբերին արդեն սայլը տեղից շարժելու ամենահարմար պահը կլինի»,–գրում է թերթը:

Ըստ «Հրապարակի» ՀՅԴ աղբյուրի` ամենադժվար հարցը ընդդիմադիր ընդհանուր դաշտ ձևավորելու խնդիրն է, որ Հայաստանում միշտ անլուծելի է եղել։