Հայաստանը կրճատում է սպառազինության՝ Ադրբեջանի հետ ունեցած տարբերությունը. Հարությունով

Ադրբեջանի պաշտպանական ծախսերը նախկինի նման ահռելի են մնում, բայց իրավիճակն ակնհայտորեն այն չէ, ինչ եղել է մի քանի տարի առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանն աստիճանաբար կրճատում է  սպառազինություն և ռազմական տեխնիկա գնելու առումով Ադրբեջանի հետ ունեցած տարբերությունը, և այդ գործընթացն առաջիկա տարիներին կշարունակվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը` մեկնաբանելով Խաղաղության խնդիրների հետազոտության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցը:

ՆԱՏՕ-ի ներկայությունը Սև ծովում և Վրաստանում լավ բան չի բերի Հայաստանին․ Հարությունով

Կենտրոնի տվյալներով` 2018թ–ին Հայաստանի ռազմական ծախսերն անցած տարվա համեմատ աճել են 33 տոկոսով` կազմելով 609 միլիոն դոլար։ Հայաստանը հայտնվել է ռազմական ծախսերի աճի բարձր տեմպերով թոփ 15 երկրների շարքում։

Ինչպես կարծում է Հարությունովը, Ադրբեջանի պաշտպանական ծախսերը նախկինի նման ահռելի են, բայց իրավիճակն ակնհայտորեն այն չէ, ինչ եղել է մի քանի տարի առաջ։ 2010թ–ից սկսած` Ադրբեջանն ինտենսիվորեն սպառազինվել է` գնելով ռազմական տեխնիկայի նոր տեսակներ։ Եվ մի պահ հավասարակշռությունը խախտվել էր հօգուտ Բաքվի։ Սակայն նավթի համաշխարհային գների անկման պատճառով Ադրբեջանի հնարավորությունները զգալիորեն նվազել են։

Հարությունով. «Ծառայության ժամկետների փոփոխությունն ունի հասարակական և քաղաքական բաղադրիչ»

«Ազգային արժույթի` մանաթի արժեզրկման շնորհիվ իրավիճակը կտրուկ փոխվել է։ Ռազմականացման մասշտաբներն արդեն այն չեն։ Իր հերթին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը 2016թ–ի ապրիլյան պատերազմից հետո անհրաժեշտ հետևություններ է արել և սկսել ակտիվորեն արդիականացնել ու համալրել զինանոցը։ Բացի այդ, ռազմական շինարարության շատ ասպեկտներ հասկանալի պատճառներով չեն բարձրաձայնվում», – ասաց Հարությունովը։

Նա ուշադրություն դարձրեց, որ վերջին շրջանում Հայաստանը հիմնականում գնում է բարդ, տեխնոլոգիական համակարգեր, որոնք, որպես կանոն, թանկ արժեն։

Կա ևս մի ոչ պակաս կարևոր հանգամանք. Երևանը հիմնականում զենք է գնում Ռուսաստանից, ընդ որում` ներքին գներով, ի տարբերություն Ադրբեջանի, որը սպառազինություններ է ստանում համաշխարհային գներով։

Այդ փաստը նույնպես արտացոլվում է ռազմական ծախսերի վիճակագրության վրա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ծախսերին, ապա միջոցների զգալի մասը տրամադրվում է Կասպիական նավատորմին, որն աշխարհագրական պատճառներով նույնիսկ տեսականորեն չի կարող սպառնալիք համարվել Հայաստանի համար։