Նրանց ատամներն էլ են հաշվո՞ւմ. ֆինանսների նախարարությունը փոխում է ատամնաբույժների հարկը

Ատամնաբույժների հարկն ավելի արդար կդառնա. ֆիքսված տուրքի փոխարեն եկամուտից տոկոս կգանձվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի  — Sputnik. Հայաստանի ֆինանսների նախարարությունն  ուզում է բարեփոխել ատամնաբույժների հարկը։ Այս մասին այսօր խորհրդարանում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի լսումների ընթացքում ասաց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

ՊԵԿ նախագահը Գագիկ Ծառուկյան անուն-ազգանունով գործարար չի ճանաչում

Այժմ ատամնաբույժները մեկ ատամնաբուժական աթոռի համար ֆիքսված տուրք են վճարում։ Օրինակ, Երևանում միայնակ ատամնաբույժները ամեն աթոռից ամսական 80 հազար դրամ են վճարում, իսկ հիվանդանոցները` 80 հազար առաջին երեք աթոռի ու 48–ական հազար` յուրաքանչյուր հաջորդի համար։

Սակայն, Պողոսյանի խոսքով, եթե խոշոր հիվանդանոցները, որոնք ավելի թանկարժեք ծառայություններ են մատուցում, ինչպիսին են իմպլանտացիան կամ օրթոդոնտիկ բուժումը,  կարող են մեկ–երկու հաճախորդի բուժումից ստացած գումարով վճարել սահմանված հարկը, ապա էժան աշխատանք կատարող ու սկսնակ ատամնաբույժները հաճախ չեն կարողանում նման հարկի «տակից դուրս գալ»։

«Այդ պատճառով առաջարկում ենք նրանց ընդհանուր հարկային դաշտ բերել։ Այսինքն` եթե նրանց շրջանառությունը տարեկան 115 միլիոն դրամից պակաս լինի, նրանք շրջանառության հարկ են վճարելու, իսկ եթե ավելի բարձր` եկամտահարկ», – պարզաբանեց Պողոսյանը։

Միաժամանակ, քանի որ նրանք բժշկական ծառայություններ են մատուցում, նաև ԱԱՀ է հարկվելու։ Իրենց եկամտահարկի բազայից կկարողանան լիզինգի տոկոսներ հանել (օրինակ, ատամնաբուժական աթոռների` աշխատանքի իրենց հիմնական միջոցի լիզինգով)։

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է այս և այլ փոփոխությունները Հարկային օրենսգիրք մտցնել 2020 թվականից։