Եվրամիությունից ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան 3 անգամ նվազել է

ԵՄ երկրներից ապաստան հայցող քաղաքացիների թվի նվազումը կարող է խթան հանդիսանալ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. 2018 թ. Եվրամիության երկրներից ապաստան հայցող Հայաստանի քաղաքացիների թիվը 2017-ի համեմատ կրճատվել է ավելի քան երեք անգամ։ ԱԺ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն այս մասին ասել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի երևանյան գրասենյակի ղեկավար Կարել Հոֆսթրայի և ծրագրի պատասխանատու Անդրեյ Ափոյանի հետ հանդիպման ժամանակ։

«Եթե ԵՄ–ից ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների նվազման դինամիկան պահպանվի, ապա կարող ենք արձանագրել, որ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի համար որևէ քաղաքական խոչընդոտ չկա»,–ասել է Եղոյանը:

Նա նշել է նաև, որ Հայաստանը ոչ միայն տեխնիկապես է պատրաստ ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին, այլև քաղաքականապես։ Եղոյանը հիշեցրել է, որ քաղաքական փոփոխություններից հետո մեր երկիրն աննախադեպ առաջընթաց է արձանագրել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների, խոսքի, մամուլի և հավաքների ազատության պաշտպանության հարցում, ինչը վիզաների ազատականացման գործողությունների պլանի հիմնական պահանջներից մեկն է:

Կողմերը պայմանավորվել են համատեղ ջանքերով մի կողմից բարձրացնել հասարակության իրազեկվածությունը վիզաների ազատականացման գործընթացի նրբությունների մասին, մյուս կողմից` ԵՄ անդամ երկրներին ավելի հանգամանալի ներկայացնել գործընթացին՝ Հայաստանի պատրաստվածության աստիճանը:

Կարել Հոֆսթրան ընդգծել է նաև, որ Եվրամիության աջակցությամբ շուտով կսկսվի Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման գործընթացը: