Արցախի հարցում իշխանության խուսափողական քաղաքականությունը մտահոգիչ է. ՀՅԴ

Դաշնակցությունը կարծում է, որ Արցախի հարցում իշխանության խուսափողական քաղաքականությունը չի նպաստում հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ համազգային համախմբմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 23–րդ գերագույն ժողովը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել Արցախի հարցում իշխանության վարած քաղաքականության վերաբերյալ։

«Արցախի հարցում իշխանությունների խուսափողական քաղաքականությունը չի նպաստում հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ համազգային համախմբմանը։ Այս առումով` ՀՅԴ–ն համահայկական կառույցի իր ամբողջ ներուժով շարունակելու է գործել «Զարգանալ` չզիջելով» ռազմավարական նպատակադրումով»,– նշված է ՀՅԴ–ի հայտարարության մեջ։

Ազգային, ավանդական, հոգևոր, մշակութային արժեքների, պետական խորհրդանիշների և հաստատությունների նկատմամբ ուղղորդված հեղինակազրկման արշավը, ինչպես նաև ներազգային անհանդուրժողականության մթնոլորտը, ըստ ՀՅԴ–ի, սպառնում են ազգային անվտանգությանը և միասնականությանը:

Յուրաքանչյուր իշխանության հետ փոխվել են նաև Արցախի վերաբերյալ մոտեցումները. քաղաքագետ

Օրակարգը, որն առաջարկում եմ, անսպասելի է ոչ միայն Ադրբեջանի համար. Փաշինյան

Կուսակցությունը նաև հանրային լավատեսության անկման միտում է տեսնում։ Բացի այդ, 2018 թ. ժողովրդային շարժումով և արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված՝ Հայաստանի ներքաղաքական կյանքը մտել է բազմաթիվ մարտահրավերների և անորոշությունների դիմագրավման նոր շրջափուլ։

«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրել էր, որ ՀՅԴ–ն դեկտեմբերին կսկսի վարչապետ Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթացը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ղարաբաղի հարցը պետք է լինի ազգային գաղափարախոսության անբաժան բաղադրիչը։