Ապրիլի 30-ի օրը հայերիս համար ամենից առաջ հիշվում է 28 տարի առավ տեղի ունեցած դաժան ու անմարդկային իրադարձություններով.
1991 թվականի այս օրն է սկսվել տխրահռչակ «Օղակ» գործողությունը («Կոլցո», «Операция Кольцо»), որի ընթացքում ԽՍՀՄ զինված ուժերը, կոնկրետ՝ Գանձակում (Կիրովաբադ) տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան՝ տանկերի, հրետանու և ռազմական ավիացիայի աջակցությամբ, ադրբեջանական ОМОН-ի հետ հայերի էթնիկ զտում են իրականացրել Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Գետաշենի ենթաշրջանում: Մեկ շաբաթ տևած այդ խայտառակության հետևանքով բռնի տեղահանվեց բնիկ հայ բնակչությունը, հայաթափվեցին Գետաշենն ու Մարտունաշենը, տասնյակ ու տասնյակ խաղաղ բնակիչներ գնդակահարվեցին ու կացնահարվեցին ադրբեջանական ОМОН-ի կողմից, մոտ հարյուր հայեր գերի ընկան, և նրանց տարան Կիրովաբադ, մնացյալ բնակիչները ազատամարտիկների պաշտպանական մարտերի շնորհիվ կարողացան փրկվել:
Հակառակորդի՝ ադրբեջանական հրոսակախմբի ու խորհրդային զորքերի դեմ անհավասար մարտերում զոհվում են ազատամարտի հերոսներ Թաթուլ Կրպեյանը, Արթուր Կարապետյանը, Սիմոն Աչիկգյոզյանը (Դեդ), Հրաչ Դանիելյանը:
Գետաշենն ու մերձակա հայկական բնակավայրերը մինչ օրս օկուպացված են ադրբեջանական ուժերի կողմից:
Իսկ 1941 թվականի ապրիլի 30-ին է մահկանացուն կնքել հայտնի հայ նկարիչ ու հասարակական գործիչ, Վանի 1915 թվականի ինքնապաշտպանության մարմնի անդամ Փանոս Թերլեմեզյանը (1865-1941):
Եվ, եթե Փանոս Թերլեմեզյանը հայտնի ու ճանաչ անուն է գրեթե բոլոր հայերի և ոչ թե միայն գեղանկարչության հետ կապ ունեցողների համար, ապա միկրոմանրէաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանին ճանաչում են գերազանցապես գիտական շրջանակում: Կարապետ Անդրանիկյանը Հայաստանի ԳԱԱ պատվավոր դոկտոր է, 2011 թվականից Համբուրգի տեխնիկական համալսարանի նախագահը:
Ինչ վերաբերում է այս օրը ծնված ամենատարբեր հայտնի անձանց, ապա արժե նշել, որ 1883-ի ապրիլի 30-ին ծնվել է հանրահայտ չեխ գրող Յարոսլավ Հաշեկը: Իսկ օրինակ Ֆիլիպ Կիրկորովը ծնվել է 1967 թվակականի այս օրը: Իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը՝ ֆրանսիացի նկարիչ Էդուարդ Մանեն էլ մահացել է 1883թ. ապրիլի 30-ին:
Ինչ վերաբերում է համաշխարհային անցուդարձին, ապա նախ, նշենք, որ ապրիլի 30-ը Ջազի միջազգային օրն է, որ նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ, 2011 թվականից:
Ջազը, իհարկե, մեզ համար մեկ այլ՝ առանձնահատուկ երանգ ունի, և հայտնի է որպես «Հայկական ջազ», որը հարուստ է հանրահայտ ազգանուններով ու նվագախմբերով՝ Արտեմի Այվազյանից մինչև Կոնստանդին Օրբելյան, Լևոն Մալխասյան, Տաթևիկ Հովհաննիսյան…
Ապրիլի 30-ը, նկատենք, նշվում է նաև որպես Մոմավաճառի միջազգային օր, բայց դա դեռ թարմ նորամուծություն է՝ 2017-ից:
Իսկ 1945թ.-ի ապրիլի 30-ին սկսվել է Ռայխստագի վրա խորհրդային զորքերի գրոհը: Նույն օրը, իր ստորգետնյա բունկերում ինքնասպան է եղել Հիտլերը, կնոջ՝ Եվա Բրաունի հետ:
Եվ էլի «գերմանական» իրադարձություն. Ապրիլի 30-ի, լույս մայիսի 1-ի գիշերը գերմանախոս ազգերը նշում են որպես Վալպուրգյան գիշեր: Կա տարածված պատկերացում, թե այդ գիշեր վհուկները պար են բռնում սարի վրա, մինչդեռ ժամանակին կամ նախաքրիստոնեական շրջանում սարերին այդ գիշեր խարույկ վառելը բոլորովին այլ իմաստ է ունեցել: Առհասարակ, համարվում է, որ հակառակը՝ չար ոգիներին են այդպիսով քշում:
Ի դեպ, անվանումը կապված է սուրբ Վալպուրգի հետ, որ միանձնուհի է եղել և 748 թվականին Անգլիայից տեղափոխվել է Գերմանիա: