ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու Ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանի բակում ապրիլի 30-ին «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի բացօթյա համերգով Գյումրիում մեկնարկեց HAY-AT JAZZ նախագիծը: Ջազային համերգներն անցկացվելու են Գյումրու թանգարանների «հայաթներում» ՝ 4 օր շարունակ:
Նշենք, որ «հայաթը» գյումրեցիների համար անփոխարինելի հավաքատեղի է, հանդիպման ու քննարկումների վայր, սովորութամշակութային կենցաղի անբաժան մասնիկ: «Հայաթներում» կազմակերպված ցանկացած հավաք մտերմության, հարազատության ու ջերմության խորհուրդ ունի իր մեջ:
«Բոլորն իրենց համերգները կազմակերպում են Երևանում, մենք էլ որոշեցինք անցկացնել Գյումրիում՝ երկու մշակութային կառույցները միավորելով ու հնարավորություն տալով թանգարանների այցելուներին ջազ լսել, ջազի սիրահարներին՝ թանգարան այցելել,- ասաց նախաձեռնության հեղինակ Մկրտիչ Մանուկյանը՝ գյումրեցու հպարտությամբ ավելացնելով, –ամբողջ աշխարհը տարին մեկ է ջազի օր հայտարարում, գյումրեցին` 4 օր»:
Ապրիլի 30-ից մայիսի 3-ը ջազով կլցվի Ձիթողցոնց տուն-թանգարանի, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի, Ասլամազյան քույրերի պատկերասրահի և Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի բակերը:
Նախագծի կազմակերպիչներն են «Մանուկյան ընկերությունը», «Ջազի հայկական ասոցիացիան» և Գյումրու քաղաքապետարանը:
2012 թվականից ամբողջ աշխարհն ապրիլի 30-ին նշում է Ջազի միջազգային օրը: