ԱԱԾ–ն բացահայտել է գերեզմանատների «բիզնեսով» զբաղվող հանցախմբին

Խմբի անդամներից մեկը ներկայացել է գերեզմանատան իրավասու անձ, այցելել գերեզմանատուն ու նույնիսկ ցույց տվել ազատ հողատարածքները։ ԱԱԾ աշխատակիցները բացահայտել են կեղծ բիզնեսով զբաղվողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից խոշոր չափերով խարդախության դեպք: Ինչպես հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից, ձեռք բերված նախնական տվյալներով` ՀՀ քաղաքացիներ Ա.Շ-ն և Ն.Հ-ն հանցավոր խմբի կազմում կեղծ տեղեկություններ են տարածել Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի գերեզմանատան հողերի հատկացման իրենց իրավասության վերաբերյալ։

2018 թվականի ամռանից հուղարկավորության համար տարածքներ հատկացնելու հարցով իրենց դիմած բազմաթիվ քաղաքացիներից խաբեությամբ հափշտակել են 1.932.000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար:

Ն.Հ-ն իրենց դիմած քաղաքացիներին է ներկայացել է որպես գերեզմանատանը հողահատկացումը կարգավորող իրավասու անձ, նրանց հետ այցելել է գերեզմանատուն ու ցույց տվել ազատ հողատարածքները: Հետո գնի շուրջ համաձայնության գալով՝ խաբեությամբ հափշտակել է գումարն ու փոխանցել հանցակցին՝ ստանալով իր մասնաբաժինը:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, նշված անձանց առաջադրվել է մեղադրանք։ Կատարվում է նախաքննություն: