Sputnik Արմենիայի հետ զրույցում Վերմիշյանը մանրամասնեց, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել աղմկահարույց շինարարության սեփականատիրոջ հետ։
«Ամբերդում տեղի ունեցածը վկայում է քաղաքաշինության ոլորտում մինչև հիմա տիրող վիճակի մասին»,- փաստում է քաղաքաշինության կոմիտեի նախագահը։
Պաշտոնյան պատմեց, որ շինարարության սեփականատերն իրենց հորդորով այցելել է քաղաքաշինության կոմիտե, որտեղ ուսումնասիրվել են «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտուն հարակից տարածքում իրականացված շինարարական աշխատանքների փաստաթղթերը։
«Համայնքը տվել է շինթույլտվություն, սակայն ճարտարապետական նախագծման առաջադրանքում բացակայել է հնագիտական ուսումնասիրության եզրակացությունը»,-նկատում է քաղաքաշինության կոմիտեի նախագահը։
Ըստ Վահագն Վերմիշյանի, այդ բացթողումն էլ նման տհաճ իրավիճակի պատճառ է դարձել։
«Ցավոք, նման դեպքերը կարող են կրկնվել, իսկ դրանք բացառելու համար պատկան մարմինները շատ լուրջ աշխատանքներ պետք է իրականացնեն՝ հաշվի առնելով այս միջադեպը, որպեսզի հետագայում պատմամշակութային հուշարձանների կողքին նման շինարարություններ չիրականացվեն»,- ասում է Վահագն Վերմիշյանը։
Պաշտոնյան վստահեցնում է, որ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտուն հարող տարածքում իրականացրած շինարարության սեփականատերը պարտավորվել է գործել ըստ նախատեսվող ընթացակարգի։