ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Երևանի կենդանաբանական այգում (ԵԿԱ) կենդանիների մասսայական անկման դեպքերը դիտավորությամբ են լինում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԵԿԱ–ի նախկին կենդանաբույժ Անուշ Ռաֆայելյանը։
Այսօր առավոտյան սատկել է այգու վագրը` Բինգոն։ Նախնական ախտորոշմամբ` նրա մոտ հայտնաբերվել էր արյան լեյկոզ, իսկ ավելի ուշ Երևան ժամանած Մոսկվայի կենդանաբանական այգու կենդանաբույժ Միխայիլ Ալշինեցկին նշել էր, որ կենդանու բերանի խոռոչում ուռուցք կա։
«Սա այգու ղեկավարության հերթական շոուն էր, նրանց ձեռք չէր տալիս այս կենդանին։ Գուցե նրանք ուզում են կենդանիներին վերացնել, այգին բերել սննկացման, որպեսզի տնօրենը` Ռուբեն Խաչատրյանը, իր հիմնադրամով կենդանիներ բերի Հայաստան ու պետությանը վարձով տա։ Վագրի արժեքը 20 000 եվրո է, իսկ պետությունն ի վիճակի չէ այդ գնով կենդանի գնի»,–ասաց Ռաֆայելյանը։
Ըստ նրա` կենդանիների մասսայական անկումը նաև մասնագիտական ոչ ճիշտ մոտեցման հետևանքով է։ Օրինակ` կատվազգիներին այժմ փորձում են չոր կերով կերակրել, ինչը չի կարելի։ «Առյուծներին էլ սառած մսով են կերակրում, սառցարանից հանում են ու գցում նրանց դիմաց։ Այգու վագրը սատկում է կովին բնորոշ հիվանդությունից ու աշխատակիցները ստորագրում են այդ փաստաթղթի տակ` ասես այդպես էլ պետք է լիներ»,–ասաց նա։
Ռաֆայելյանը նշեց, որ իրենք դեռ 4 ամիս առաջ դիմել են ոստիկանություն` այգու տնօրենի դեմ 13 կետից (գայլերի թունավորում, առյուծների սպանություն) բաղկացած բողոքով։
ԵԿԱ–ի ներկայիս կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանն էլ նշեց, որ Բինգոյի անկման պատճառը նրա բերանի խոռոչում հայտնաբերված ուռուցքն էր։ «Կենդանին աստիճանաբար հյուծվեց ու առավոտյան սատկեց։ Լոնդոնից և Մոսկվայից ժամանած կենդանաբույժներն ասել էին, որ կենդանին վիրահատման ենթակա չէ, և կարելի է էֆթանազիայի ենթարկել, բայց մենք այդ քայլին չգնացինք»,–ասաց նա։
Հարցին, թե վերջին շրջանում շա՞տ չեն կենդանիների անկումներ գրանցվում այգում` Հովհաննիսյանը պատասխանեց, որ անկումները միշտ եղել են ու լինելու են. «Նորմալ երևույթ է սա։ Մարդիկ էլ են ծնվում–մահանում, կենդանիներն էլ. բնականոն պրոցես է, որի դեմ չես կարող առնել։ Նախկինում էլ են եղել անկման դեպքեր, իրականում ինֆորմացիան հիմա ավելի շատ է տարածվում։ Ի դեպ, մեր տարածած ցանկացած ինֆորմացիա հիմնված է լաբորատոր փորձաքննությունների և այլ մասնագետների կարծիքների հիման վրա»։
Ի դեպ, 2018–ին սատկել են այգու զեբրը, գորշ արջը, կոկորդիլոսը, բեզոարյան այծը, վագրերը մեկը։