Մոսկվան ու Երևանն ուզում են համաձայնեցնել գազի մատակարարման սխեման. Պրիխոդկո

Մինչ 2019 թվականի հուլիսի 1–ը կողմերն անհրաժեշտ պետական խորհրդատվություններ կանցկացնեն նոր համաձայնագիր կնքելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն ու Հայաստանը պատրաստվում են համաձայնեցնել մինչև 2030 թվականը Հայաստանի գազամատակարարման և գազիֆիկացման գլխավոր սխեմաները։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին այս մասին հայտնել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն։

«Մեր երկրները շատ մեծ ուշադրություն են դարձնում գազային ոլորտի համագործակցությանը: Մշակման ընթացքում են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային թեմաները: Օրինակ՝ պայմանավորվածություն կա համաձայնեցնելու մինչև 2030 թվականը Հայաստանի գազամատակարարման և գազիֆիկացման գլխավոր սխեմաները»,- ասել է Պրիխոդկոն:

Նա նաև նշել է, որ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը կողմերը կանցկացնեն անհրաժեշտ ներպետական խորհրդակցություններ՝ ՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարման գների ձևավորման մասին Ռուսաստանի ու Հայաստանի միջև նոր համաձայնագիր կնքելու համար:

«Գազպրոմ Արմենիայում» կրճատումներ կլինեն. պաշտոնյան հայտնել է` քանի մարդ կկրճատվի

Ապրիլի 4–ին Մոսկվայում միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ հայկական կողմը գազի գնի հնգամյա պլանավորում էր առաջարկել։ Մինչև հուլիսի 1–ը կներկայացվի համաձայնագրի նախագիծ, որտեղ ներկայացված կլինեն սահմանին գազի գնագոյացման մեխանիզմները։

Հիշեցնեք` 2019 թվականի հունվարի 1–ից սահմանին Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար գնով՝ նախկին 150-ի փոխարեն։ Իսկ բնակչության համար սակագինը նույնն է մնացել ընկերության ծախսերի կրճատման հաշվին։ Այս կապակցությամբ «Գազպրոմ Արմենիան» հիմա անձնակազմի կրճատման ու ծախսերի օպտիմալացման հարցեր է քննարկում։ Հակառակ դեպքում սպառողների համար սակագնի պահպանումը կարող է հսկայական պարտքերի հասցնել ընկերությանը։

«Գազպրոմ Արմենիան», որը 100%–ով պատկանում է «Գազպրոմին», գազ է մատակարարում Հայաստանի ներքին շուկային։