Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տրամադրել–չտրամադրելը ՌԴ սուվերեն իրավունքն է. նախարար

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը չի բացառում, որ Հայաստանում քրեական հետապնդման ենթարկված նախկին պաշտոնյան քաղաքական ապաստան է հայցել միայն ժամանակ շահելու ու հնարավորին չափ ուշ Հայաստան վերադարձվելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Ինչ պատասխան կտա Ռուսաստանի իշխանությունը Միհրան Պողոսյանի դիմումին, Ռուսաստանի սուվերեն իրավունքն է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` անդրադառնալով ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ կապված խնդրին։

«Դուք գիտեք` Միհրան Պողոսյանը ձերբակալվել է և մինչև ՀՀ–ին արտահանձնվելը իրացրել է իր իրավունքը` քաղաքական ապաստան հայցելով։ Ինչպես կլուծվի դա, Ռուսաստանի սուվերեն իրավունքն է` կբավարարի, թե կմերժի քաղաքական ապաստան տրամադրելու դիմումը»,– ասաց նախարարը։

Զեյնալյանը նաև շեշտեց, որ Պողոսյանի այս քայլը տարբեր մեկնաբանություններով նաև ժամանակ շահելու նպատակ է հետապնդում` հետաձգելով նրա Հայաստան վերադարձվելը։

Միհրան Պողոսյանին ՀՀ տեղափոխելու համար փաստաթղթերը ներկայացվել են ՌԴ իրավապահներին

«Թե որքանով է դա հայրենասիրական, և որքանով է դա բարոյական, արդեն սուբյեկտիվ գնահատականների արդյունք է»,– ասաց Զեյնալյանը։

Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. ըստ այդմ՝ Միհրան Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Ապրիլի 19-ին Միհրան Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Ապրիլի 23-ին ՌԴ դատարանը բավարարել է 40 օրով Միհրան Պողոսյանին կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը՝ նրան Հայաստան արտահանձնելու հարցը քննարկելու նպատակով:

Մինչ այդ, սակայն, հայտնի դարձավ, որ Պողոսյանը դիմել է ՌԴ իշխանություններին` իրեն այդ երկրում քաղաքական ապաստան տրամադրելու համար։