Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին կշնորհվի «A» կարգավիճակ

Կարգավիճակի շնորհումը վկայում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի լիարժեք անկախության, վստահելիության ու արդյունավետ աշխատանքի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին կշնորհվի անկախության ու արդյունավետ աշխատանքի ամենաբարձր «A» միջազգային կարգավիճակ։ Այս մասին նշված է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում։

Ցեղասպանության զոհերի ժառանգներն իրավունք ունեն դիմել եվրոպական դատարան. Արման Թաթոյան

«Պաշտպանի 2018թ.–ի ու դրան նախորդող մի քանի տարիների գործունեությունը ենթարկվել է միջազգային վերանայման՝ ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներով սահմանված մարդու իրավունքների ազգային ինստիտուտներին առաջադրվող անկախության պահանջներին համապատասխանության տեսանկյունից: Արդյունքում առաջարկվել է ՄԻՊ–ին շնորհել ամենաբարձր «A» միջազգային հեղինակավոր կարգավիճակը»,–նշված է ՄԻՊ–ի հաղորդագրության մեջ։

Կարգավիճակը նրան շնորհվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի քարտուղարությամբ գործող Մարդու իրավունքների ազգային հաստատությունների համաշխարհային միավորման անկախ հանձնախմբի կողմից։ Դրա շնորհումը վկայում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի լիարժեք անկախության, վստահելիության ու արդյունավետ աշխատանքի մասին։

Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել նրանք

«A» կարգավիճակը ՄԻՊ–ին իրավունք է վերապահում մասնակցել միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին և որոշումների կայացմանը, հանդես գալ հատուկ ելույթներով, օգտվել միջազգային համապատասխան կառույցների ղեկավար մարմիններում ընտրվելու և այդ մարմինների ընտրություններին քվեարկության իրավունքից։

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության կարգավիճակն այս մեխանիզմով գնահատվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն այս կարգավիճակով օժտված է 2006 թվականից սկսած: