«Անմահ գունդը» Հայաստանում. ակցիան այս տարի սովորական չի լինի

Տատիկների ու պապիկների, հայրերի ու եղբայրների լուսանկարներով պաստառներ` տարեցների և երեխաների ձեռքին, գեորգիևյան ժապավեններ` կրծքներին։ Այս տարի «Անմահ գնդի» երթն այլևս նախկինի նման չի լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. «Անմահ գնդի» ամենամյա երթն այս տարի կանցկացվի Հայաստանի հինգ քաղաքում և կտարբերվի աշխարհի մյուս երկրներում անցկացվող ակցիաներից։ Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին ասաց «Հայաստանի անմահ գունդ» ՀԿ–ի նախագահ Գոհար Ղումաշյանը։

«Մայիսի 9-ին մարդիկ դուրս կգան Հայրենական մեծ պատերազմի, արցախյան և ապրիլյան պատերազմների հերոսների լուսանկարներով։ Հայաստանում անցկացվող երթը հենց սրանով էլ տարբերվելու է աշխարհի մյուս երկրներում կազմակերպվող ակցիաներից», – ասաց Ղումաշյանը։

Այս տարի երթն ավելի մեծ կլինի և կանցկացվի ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Իջևանում, Ստեփանակերտում։ Կազմակերպիչներն ընդգծում են, որ իրենց համար կարևոր է, որ երթին Հայաստանում միանալու հնարավորություն ունենան հնարավորին չափ շատ մարդիկ։

Հայաստանում պատրաստվում են Հաղթանակի օրվան. ինչ միջոցառումներ են անցկացվելու

Այդպիսով միջոցառումը համազգային բնույթ է ստանալու։

Երևանում երթը կմեկնարկի մայիսի 9-ին, ժամը 13:00–ին Արամ Խաչատրյանի արձանի մոտից։ Այնուհետև ակցիայի մասնակիցները կանցնեն Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Վազգեն Սարգսյանի փողոցով և կիջնեն դեպի Երևանի Մանկական (նախկին` Կիրովի) այգի։ Այնտեղ մասնակիցները ծաղիկներ կխոնարհեն օդաչու Նելսոն Ստեփանյանի հուշարձանին։

Անցած տարիներին ակցիան ավարտվել է Հաղթանակի զբոսայգում, սակայն այս տարի երթուղին փոխվել է։

«Մենք փոխել ենք երթուղին և ընտրել կենտրոնական փողոցները, որպեսզի ավելի շատ մարդիկ տեղեկացված լինեն երթի մասին։ Անցած տարի դեպքեր են եղել, երբ մարդիկ մեզ ճանապարհին են միացել», – ասաց Ղումաշյանը։

Հաղթանակի 75-ամյակին կազմակերպությունը նախատեսում է Մանկական զբոսայգում սերունդների ժառանգորդությունը խորհրդանշող հուշարձան տեղադրել։

«Քանդակը կունենա հետևյալ տեսքը. փոքրիկ երեխա, որը բռնել է զինվորի ձեռքը, իսկ զինվորը` մեծահասակ մարդու։ Սա խորհրդանշում է այն, որ պատերազմը տարիք չի ճանաչում», – ասաց Ղումաշյանը։

Գյումրիում ակցիան կմեկնարկի մայիսի 9-ին, առավոտյան ժամը 10:00–ին քաղաքապետարանի դիմաց գտնվող գլխավոր հրապարակից և կավարտվի Հայրենական մեծ պատերազմի հերոսների արձանի մոտ ծաղիկներ խոնարհելով։

Ղումաշյան․ «Կապ չունի` որ կուսակցությունից եք, այդ օրը բոլորը պետք կողք կողքի քայլեն»

Վանաձորում նույնպես երթ կանցկացվի, որը կմեկնարկի 10:00–ին։ Կապանում ակցիան կմեկնարկի նույնպես 10:00–ին և կավարտվի ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանի մոտ։ Առաջին անգամ ակցիան կանցկացվի նաև Իջևանում։

Ղումաշյանի խոսքով` Հայաստանում վետերանները շատ են սպասում այս օրվան. նրանց դուր է գալիս կողմնակի ուշադրությունը։

Հայաստանում ընդհանուր առմամբ Հայրենական մեծ պատերազմի 320 վետերան կա։