Հայկական «ամպորսները» կամ ինչպես են իրականում աշխատում հակակարկտային կայանները

Sputnik Արմենիայի թղթակիցները փորձել են գլուխ հանել կապտականաչավուն «հիերոգլիֆներից», իրենց աչքերով տեսնել դրանք և պատմել, թե ինչպես են դրանք աշխատում։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայացքները մոնիտորներին գամած տղամարդիկ և պարբերաբար ազդանշաններ հաղորդող ռադիոկապ։ Էկրաններին ինչ-որ կապտականաչավուն շրջանակներ են արտացոլվում․ իսկը չինական գրեր՝ հասարակ մահկանացուի համար։ Բայց ոչ՝ մասնագետների: Նման տեսարանի կարելի է հանդիպել ամեն օր Հայաստանի ԱԻՆ Հակակարկտային ծառայության Արագածոտնի մարզի հակակարտկային ռադիոլոկացիոն կենտրոնում։ Մեզ ողջունում են։ Աշխատակիցները մի ակնթարթ կտրվում են մոնիտորներից, բայց մի քանի վայրկյան անց կրկին խորասուզվում աշխատանքի մեջ։

«Այս ի՞նչ կապույտ օղակներ են», - հարցնում եմ ռադիոտեղորոշիչ հակակարկտային կենտրոնի ժպտադեմ պետ Սամվել Աղայանին։ Նա, առանց մեծամտության կամ դժգոհության, հանգիստ բացատրում է մեզ դեռևս անհասկանալի «հիերոգլիֆների» նշանակությունը:

«Սրանք ամպերն են Հայաստանի երկնքում։ Այդ գունային գամման նշանակում է, որ դրանք ներկա պահին բացարձակ անվտանգ են և չեն վերածվի կարկտաբեր ամպերի, որոնք մենք որսում ենք», - բացատրում է Աղայանը։

Կենտրոնի աշխատակիցները ամպրոպների ու կարկտի սեզոնին, այսինքն վաղ գարնանից մինչև ուշ աշուն, շուրջօրյա հերթապահություն են իրականացնում։

Հայկական «ամպորսները» կամ ինչպես են իրականում աշխատում հակակարկտային կայանները

Նրանք հետևում են ամպերին, որպեսզի որսան պահը, երբ դրանք սկսում են վերածվել կարկտաբերի, և թույլ չտեն, որ դրանք վնաս պատճառեն գյուղացիներին՝ ոչնչացնելով բերքը:

Հայկական «ամպորսները» կամ ինչպես են իրականում աշխատում հակակարկտային կայանները

Եվ, ամենագլխավորը, «վատ» ամպ նկատելիս իսկույն անցնում են ակտիվ գործողությունների։ Կենտրոնում ընդամենը 25 մարդ է աշխատում:

Ինչպե՞ս է աշխատում

Կենտրոնից 200 մետր հեռավորության վրա գտնվում է հակակարկտային հրթիռային սարքը: Նորաոճ դեղնամոխրագույն երանգներով ներկված մեքենան երեքից մեկն է, որը Հայաստանը փորձնական ծրագրի շրջանակում ձեռք է բերել Ռուսաստանից 2017թ-ին։

Աղայանը բացատրում է, որ սարքն իսկական փրկություն է ֆերմերի համար։ Աշխատանքի մեխանիզմը հետևյալն է. ռադիոտեղորոշիչ կայանի օգնությամբ մասնագետները հետևում են կարկտաբեր ամպին, ուսումնասիրում դրա չափանիշները և բնութագրերը։

Այն դեպքում, եթե որոշում են դրա վրա ակտիվորեն ներգործել, հենց ամպը մտնում է հրթիռային սարքի գործողության գոտի, մասնագետները հեռակառավարմամբ տալիս են «Արձակում» հրահանգը: Դրան հաջորդում է հրթիռների ավտոմատ արձակումը խնդրահարույց կարկտաբեր ամպի ուղղությամբ:

«Հակակարկտային հրթիռի գործողության սկզբունքը ամպի տիրույթում ակտիվ ռեագենտի մանրացումն է (դիսպերսիա): Ռեագենտի այդ մասնիկները հրթիռը շրջահոսող խոնավ օդի հոսանքների հետ փոխազդեցությամբ վերածվում են սառույց գոյացնող միջուկների: Դա բերում է նրան, որ տեղումները ժամանակից շուտ են լինում, անձրևի տեսքով, հնարավորություն չտալով, որ վերածվեն կարկուտի», - ասաց Աղայանը:

Լինում են դեպքեր, որ հրթիռի գործարկումից հետո անձրևի կաթիլների փոխարեն գոյանում են խոշոր կարկտահատեր։ Աղայանն ընդգծում է, որ դրանք բացարձակ անվտանգ են, քանի որ անցնելով մթնոլորտի տաք շերտերի միջով, երկրի մակերևույթին են թափվում արդեն անձրևի տեսքով։ Բերքի համար վտանգավոր են երկու սանտիմետր մեծությամբ կամ ավելի խոշոր կարկտահատերը։ Միջինում մեկ կարկտաբեր ամպը վնասազերծելու համար ծախսվում է 5-7 հրթիռ։

«Կարծիքը, թե հրթիռային հակակարկտային սարքերը ցրում են ամպերը, այլ ոչ թե վնասազերծում դրանք, ինչը առատ տեղումների է հանգեցնում երկրի մյուս հատվածներում, չի համապատասխանում իրականությանը», - ասաց Աղայանը։

Նա պարզաբանում է, որ կան «փակ» տարածքներ, որտեղ կրակելն արգելված է, նույնիսկ եթե անհրաժեշտ է չեզոքացնել կարկտաբեր ամպը։ Դա պայմանավորված է անվտանգության նկատառումներով, իսկ գոտիները նշված են կարմիր եռանկյունի ցանցերով։ Օրինակ, արգելված է համարվում ԱԷԿ-ի օդային տարածքը:

Սակայն, ինչպես բացատրում է մեր զրուցակիցը, բավարար քանակությամբ հրթիռային սարքերի առկայության դեպքում, կարկտաբեր ամպը, որը շարժվում է ատոմակայանի կամ որևէ այլ արգելված գոտու կողմը, կարելի է տեղայնացնել նախքան այնտեղ հասնելը։

Վտանգավո՞ր է, թե՞ ոչ

Հերթական միֆն այն է, թե հրթիռները վնաս են հասցնում շրջակա միջավայրին, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշում է ԱԻՆ հակակարկտային ծառայության պետ Արթուր Հովսեփյանը։

«Վաղուց ապացուցված է, և բազմաթիվ գիտական հետազոտությունները հաստատում են, որ հակակարկտային համակարգերը չեն կարող վնաս հասցնել շրջակա միջավայրին, որովհետև յուրաքանչյուր հրթիռ պարունակում է 16 գրամ ռեագենտ, դա հազարավոր անգամ ցածր է թույլատրելի նորմայից», - ասում է Հովսեփյանը։

Կարծիք կա, որ հրթիռային սարքերը վտանգավոր են ինքնաթիռների համար։ Հովսեփյանը պարզաբանում է․ կենտրոնը համակարգված աշխատում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ավիացիայի հետ։ Հակակարկտային ծառայությանն առընթեր ստեղծվել է օպերատիվ խումբ, որը համաձայնեցնում է հակակարկտային սարքերի հրթիռի ցանկացած կրակոց։ Եվ, վերջապես, օդային տարածքը հիմնականում ազատ է։

Հայկական «ամպորսները» կամ ինչպես են իրականում աշխատում հակակարկտային կայանները

Օրինակ` 2018թ-ի ընթացքում համապատասխան ծառայություններն ընդամենը մեկ անգամ են ուղարկել արգելված ազդանշան։ Այդ ժամանակ դադարը տևել է հինգ րոպե։

Հովսեփյանը նաև նշեց, որ օրինակ 2018թ-ին երեք հակակարկտային հրթիռային սարքերի օգնությամբ չեզոքացվել են տասը կարկտաբեր ամպեր։ Այդ նպատակով օգտագործվել է 50 հրթիռ։ Հայաստանի կառավարության ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովի կողմից փորձնական ծրագրերի արդյունքները դրական են գնահատվել։

Երեք հակակարկտային հրթիռային սարքերի և 547 գազագեներատորային հակակարկտային կայանների օգնությամբ 2018թ-ին ներգործության են ենթարկվել 709 կարկտաբեր ամպեր։ Միաժամանակ, կարկտահարությունը կազմել է ընդամենը 5,5 տոկոս։

Հայկական «ամպորսները» կամ ինչպես են իրականում աշխատում հակակարկտային կայանները

Հովսեփյանը բացատրում է, որ հակակարկտային պաշտպանության հրթիռային մեթոդն ավելի արդյունավետ է գազագեներատորային ակուստիկ մեթոդից։ Մի գազագեներատորային կայանն ապահովում է 80 հեկտարի անվտանգությունը, իսկ հակակարկտային հրթիռային կայանքը՝ 15 հազար հեկտարի:

«Հայաստանի գյուղատնտեսական ցանքատարածությունների պաշտպանության համար անհրաժեշտ է շուրջ 14 հազար գազագեներատորային կայան։ Տեխնիկապես անհնար է սպասարկել այդպիսի քանակություն։ Միաժամանակ, այդ տարածքների պաշտպանության համար բավական է ունեցել ընդամենը 70 հակակարկտային հրթիռային կայան», - ասաց Հովսեփյանը։

Հայկական «ամպորսները» կամ ինչպես են իրականում աշխատում հակակարկտային կայանները

Հրթիռային կայանների և հակակարկտային ցանցերի միջև տարբերության մասին հարցին Հովսեփյանը պատասխանում է, որ վերջիններն ունեն գոյության իրավունք, սակայն դրանք ավելի թանկ արժեն՝ սակավ արդյունավետության պարագայում:

«1 հեկտար ծածկելու համար ֆերմերը ստիպված կլինի վճարել 15-20 հազար դոլար։ Այդ գնով պետական ծրագրի շրջանակում կարելի է տեղադրել մեկ հրթիռային սարք, որը պաշտպանում է 15 հազար հեկտար տարածք», - ասաց նա։

Ցանցը կլանում է արևի ճառագայթների մոտ 20-30 տոկոսը։ Արդյունքում բերքը պակաս քաղցր է լինում և ավելի ուշ է հասնում, ինչն արդյունքում ազդում է ապրանքի գնի վրա։

Մասնագետները նշում են, որ թվերը խոսուն են, և ավելի արդյունավետ պաշտպանության համար իշխանություններին խորհուրդ են տալիս մտածել նոր հրթիռային կայաններ ձեռք բերելու մասին։