ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Փակ փողոցներ ու սելֆիներ. Քաղաքացու օրը որոշ դրսևորումներով հիշեցնում է 2018թ–ի ապրիլյան օրերը։ Այս նմանությունը նկատեց նաև Քաղաքացու օրվա միջոցառումներին միացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քաղաքացին կրկին փակել է Մաշտոցի պողոտան. պողոտան քաղաքացունն է: Եվ սա վկայությունն է այն բանի, որ երկրի տերն այսօր, իրոք, քաղաքացին է»,– Մաշտոցի պողոտայում զբոսանքի պահին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նկատեց Փաշինյանը։
Վարչապետը չմերժեց նաև իրեն շուրջպարի հրավիրած քաղաքացիներին և միացավ Մաշտոցի պողոտայում Քոչարի պարողներին։ Նիկոլ Փաշինյանը չի մերժում նաև իր հետ լուսանկարվել ցանկացողներին։
Լրագրողները ևս մերժված չզգացին իրենց։ Պատասխանելով նրանց հարցերին` Փաշինյանը հայտնեց, որ մարզեր գնալ այսօր չի կարողանալու` ժամանակի սղության պատճառով։
Այդուհանդերձ, վարչապետը լրագրողներին խնդրեց թույլ տալ իրեն այսօր հանգստանալ ու վայելել տոնը։
Հիշեցնենք` 2019թ. մարտի 21-ին կառավարությունը հավանություն էր տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում էր ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակել ՀՀ քաղաքացու օր։
Ապրիլի 9-ին ՀՀ խորհրդարանն ընդունեց կառավարության առաջարկած օրինագիծը։
Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 27-ին:
Օրվա տոնական միջոցառումների համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է 124 մլն դրամ։