Ականի պայթյունից տուժած սակրավորը որոշել է վերադառնալ Սիրիա. երեխաները խաղում են ականներով

Փոխգնդապետ Վահան Թադևոսյանն ամեն օր վերհիշում է Սիրիայում տեսած թշվառությունը` սոված, ոտաբոբիկ, կիսամերկ երեխաներ, որոնց համար ամենահետաքրքիր խաղալիքը դաշտում դրված ականն է։ Նա ամեն օր հեռախոսով շփվում է Սիրիայում մնացած կրտսեր գործընկերների հետ ու սպասում այն օրվան, երբ կկարողանա դարձյալ միանալ նրանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Նելլի Դանիելյան, Sputnik. Մարտի 7–ին Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում վիրավորված հայ սակրավոր Վահան Թադևոսյանն այժմ Հայաստանում է, տանը։ Նա ապաքինվում է Սիրիայում ստացած ծանր վիրավորումից ու պատրաստվում վերականգնողական բուժման հաջորդ` պրոթեզավորման փուլին։

Բայց նույնիսկ տնից ամեն օր զանգահարում է, խոսում Սիրիայում աշխատող իր երիտասարդ գործընկերների հետ։ Վերջին հեռախոսազրույցն էլ մեր զրույցից րոպեներ առաջ էր ունեցել։ Մեր դիտարկմանը, թե ավելի շատ ինքն է քաջալերում նրանց` մոռանալով իր վնասվածքի մասին, Վահան Թադևոսյանը պատասխանեց. «Իմ փորձն ու իրենցը մեկ չէ»։

Ականի պայթյունից տուժած սակրավորը որոշել է վերադառնալ Սիրիա. երեխաները խաղում են ականներով

«Ինձ հետ պատահած դեպքից հետո տղաները մի որոշ ժամանակ չէին կարողանում աշխատել։ Նրանք, ովքեր այդ պահին իմ կողքին են եղել, վախեցել էին։ Բայց ես միշտ իրենց հետո զրուցում եմ, որ այդ վախն անցնի»,– ասաց նա։

Հայ սակրավորներն արդեն 3 ամիս է` Սիրիայում հումանիտար առաքելություն են իրականացնում։ Իսկ նրանց հրամանատար փոխգնդապետ Վահան Թադևոսյանն անհամբեր սպասում է պրոթեզավորմանն ու վստահեցնում` վերադառնալու է ծառայության ու անպայման մեկնելու է Սիրիա`շարունակելու ընդհատված առաքելությունը։

Սակրավորների համար Սիրիայում գործ շատ կա, Վահան Թադևոսյանի հաշվարկով` տարիների գործ։ Նրա խոսքով` ականներն այդ երկրում ամենուր են, չկան ականապատված տարածքների մասին հստակ տեղեկություններ, քարտեզներ։ Մասնագետներին դրանց տեղերի մասին հուշում են միայն տեղացիները, որոնք մատնացույց են անում, թե որ տարածքում են ականներ պայթել, որտեղ են խեղվել ու մահացել իրենց երեխաները։

«Մեզ մոտենում էին մարդիկ, որոնց երեխաներն արդեն զոհվել կամ վիրավորվել էին ականների պայթյունից։ Խնդրում էին, որ մաքրենք այդ տարածքները։ Շատ կան չպայթած ռումբեր, որոնք երեխաներին հետաքրքրում են, մոտենում են, ձեռք տալիս, պայթում»,– պատմում է փոխգնդապետը։

Հայ սակրավորներն իրենց առաքելության առաջին իսկ օրից դարձել էին սիրիացի երեխաների հավատարիմ ընկերները, որոնցից միշտ կարելի է քաղցրավենիք կամ կոնֆետ ստանալ։

Թադևոսյանը պատմում է, որ հաճախ էր այցելում դպրոցներ` երեխաներին բացատրելու, թե ինչ է ականն ու ինչու է պետք դրանից հեռու մնալ։

Սիրիայում վնասվածք ստացած հայ սակրավորին տեղափոխել են Երևան

«Դպրոց ասվածը մի քանի դասարանից բաղկացած փոքր շինություններ էին։ Գնում էի, ինձ հետ տանում էի թխվածքաբլիթներ, կոնֆետներ, ինչ որ այդ պահին ունեինք մեզ մոտ, ինչ որ կար մեր բազայում։ Մենք այնտեղ փոքր տուփերով կաթ էինք ստանում, որ չէինք խմում, ինձ հետ տանում էի, բաժանում երեխաներին»,– պատմում է հայ հրամանատարը։

Սիրիայից մնացած ամենածանր տպավորությունը Վահան Թադևոսյանի համար այդ երբեմնի ծաղկուն երկրում տիրող համատարած թշվառությունն է։

«Գյուղերում նույնիսկ տներն եմ մտել։ Մութ, գետնափոր հյուղակներ են, գետնին ինչ–որ փալասներ են գցած, որոնց վրա քնում են։ Ոտաբոբիկ, կիսամերկ, ո՛չ կոշիկ ունեն, ո՛չ շոր»,– հիշում է նա։

Իսկ հայերին Սիրիայում ամենայն հարգանքով են վերաբերվում։ Ու ոչ միայն այն պատճառով, որ հայ սակրավորներն իրենց կյանքի գնով փորձում են փրկել սիրիացի երեխաների կյանքը։

Սիրիայում հային ճանաչել ու եղբայրական ժողովուրդ են կոչել դեռ 100 տարի առաջ։ 1915թ–ին Սիրիայում ապաստան գտած, ցեղասպանությունից փրկված հայ ժողովուրդն այսօր ինքն է օգնության ձեռք մեկնել իր պապերին փրկած արաբներին։

Արդեն 1 դար հայերին Սիրիայում ճանաչում են որպես աշխատասեր, բանիմաց ու, ամենակարևորը, շիտակ մարդկանց։

«Սիրիացի բարձրաստիճան զինվորականներից մեկն ինձ մի օր պատմեց, որ 100 տարվա ընթացքում Հալեպում ոչ մի հայ որևէ հանցանքի համար չի դատվել։ Ասեց` եթե անգամ փորձես ասել, թե հայը ինչ–որ բան է գողացել, քեզ ոչ ոք չի հավատա»,– պատմեց Վահան Թադևոսյանը։

Այսօր հազարավոր հայեր դեռ շարունակում են ապրել Սիրիայում ու հակառակ ծանր պայմաններին, չեն լքում իրենց ծննդավայրը։

Վահան Թադևոսյանին Սիրիայում ՀՀ դեսպանատան տրամադրած տվյալներով` այդ երկրում այսօր 7-8 հազար հայ կա, որից 4-5 հազարը` Հալեպում։

Փետրվարի 8–ին ՀՀ պաշտպանության նախարարությունը 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբ էր գործուղել Սիրիա` հումանիտար առաքելություն իրականացնելու։

Մարտի 7–ին առաքելության անդամ, փոխգնդապետ Վահան Թադևոսյանը ականի պայթյունից վիրավորվել էր, որից հետո նրա աջ ոտնաթաթն ամպուտացվել էր։