Կոչ եմ անում բոլոր ակումբներին կառուցել նման խաղադաշտեր. Արթուր Վանեցյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը «Բանանց» ֆուտբոլային ակումբի վերանորոգված խաղադաշտը տեսնելուց հետո մյուս ակումբներին ևս հորդորեց նման խաղադաշտեր կառուցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը բարձր գնահատեց «Բանանց» ֆուտբոլային ակումբի խաղադաշտի վերանորոգումը։ Նա այս մասին ասաց այսօր` մասնակցելով խաղադաշտի վերանորոգումից հետո կազմակերպված միջոցառմանը։

«Ես շատ բարձր եմ գնահատում, որ այս ստադիոնը այսպես վերանորոգվեց և ունի ենթակառուցվածքներ։ Կոչ եմ անում բոլոր ակումբներին կառուցել նման խաղադաշտեր, ստեղծել նման մարզաբազաներ ու այդ ամենն ապահովել համապատասխան ենթակառուցվածքներով։ Բոլորն ուզում են բարձրակարգ ֆուտբոլ, ուզում են հաղթանակներ, բայց դրա համար պետք է ունենալ բարձրակարգ մարզադաշտեր ու մարզաբազաներ»,– ասաց նա։

Վանեցյանը նշեց նաև, որ այդ ամենին հասնելու համար լուրջ ներդրումներ են հարկավոր։

Կոչ եմ անում բոլոր ակումբներին կառուցել նման խաղադաշտեր. Արթուր Վանեցյան

«Դրա համար մենք պետք է միավորվենք և միասին անենք այն, ինչ պահանջվում է ֆուտբոլի զարգացման համար»,– ասաց նա։

«Բանանց» ֆուտբոլային ակումբն իր գլխավոր մարզադաշտը վերանորոգել է։ Լիովին փոխվել է խոտածածկը, որն այժմ համապատասխանում է ամենաբարձր չափանիշներին։ Միևնույն ժամանակ տեղադրվել են լուսարձակներ, ինչը հնարավորություն կտա հանդիպումներ անցկացնել նաև երեկոյան ժամերին։ Հաշվի առնելով, որ հուլիսի 14-27-ը Հայաստանում անցկացվելու է մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը։ Մրզադաշտի դերը կարևորվում է, որովհետև որոշ հանդիպումներ կանցկացվեն հենց այստեղ։

Նշենք, որ հայկական ակումբներից միայն «Շիրակը», «Փյունիկը», «Ալաշեկերտը» և «Բանանցը» ունեն սեփական մարզադաշտեր։