Եթե ասեմ` երեկոյան գալիս եմ ձեր տուն հյուր, կզարմանաք, չէ՞. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը հայտնել է, որ ադրբեջանցի գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ առաջիկա հանդիպման ժամկետները դեռ հստակեցված չեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպման ժամկետները դեռ հայտնի չեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հարցեր, որոնցով կարելի է փոխզիջման հասնել. Մնացականյան–Մամեդյարով հանդիպման մեխը

«Որոշ քննարկումներ մենք ունեցել ենք, նախագծել ենք, թե ինչպես ենք իրականացնելու հաջորդ քայլը, ինչպես է լինելու, որտեղ է լինելու և այլն»,- ասաց Մնացականյանը:

Նախարարը շեշտեց, որ հանդիպման ժամկետները որոշելու է հրավիրող կողմը։ Երբ հրավերը լինի, այդ ժամանակ էլ համաձայնեցված հայտարարություն կարվի հանդիպման տեղի ու ժամկետի մասին։

«Եթե ես հիմա ասեմ, որ երեկոյան գալիս եմ ձեր տուն հյուր՝ առանց հրավերի, դուք կզարմանաք, չէ՞»,– իր միտքն ավելի պատկերավոր բացատրեց Մնացականյանը։

Ավելի վաղ Մամեդյարովը հայտարարել էր, որ հրավեր է ստացվել Հայաստանի արտգործնախարարի հետ իրենց հաջորդ հանդիպումն ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացնելու։

Հիշեցնենք` Մնացականյան–Մամեդյարով վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 15-ին, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Հանդիպմանը մասնակցել էր նաև այդ երկրի արտգործնախարարը Սերգեյ Լավրովը։