«Ես քաղաքացի եմ տարվա բոլոր 365 օրերին». Նաիրա Զոհրաբյանը` Քաղաքացու օրվա մասին

Պատգամավորը հուսով է, որ մարդիկ տարվա բոլոր օրերին իրենց ոչ միայն կզգան, այլև կլինեն քաղաքացի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը քաղաքացի է տարվա բոլոր օրերին։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Ես քաղաքացի եմ տարվա բոլոր 365 օրերին: Չորս տարին մեկ հանդիպող նահանջ տարվա փետրվարի 29-ին նույնպես: Չեմ ասում, որ 124 միլիոն դրամը կարելի էր շատ ավելի արդյունավետ ծախսել: Եթե մարդիկ որոշել են, որ հենց այսօր իրենց հատկապես քաղաքացի են զգալու` թող խփեն բոլոր սալյուտները: Ուզում եմ հուսալ, որ վաղը, մյուս օրը և դրան հաջորդող մնացած բոլոր օրերին ևս իրենք իրենց ոչ միայն կզգան, այլև կլինեն քաղաքացի: Ինձ համար ամեն օր քաղաքացու օր է: Ուրախ օր բոլորին»,– գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում նշվում է Քաղաքացու օրը։

Կառավարությունը 2019թ. մարտի 21-ի նիստում հավանություն էր տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին: Ըստ դրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը:

Որտեղ և ինչ միջոցառումներ են տեղի ունենալու «Քաղաքացու օրվա» կապակցությամբ