Ալսուի դստեր հաղթանակից հետո «Ձայնը․ երեխաներ» շոուի քվեարկության արդյունքը կստուգեն

«Ձայնը․ երեխաներ» հայտնի շոուի եզրափակիչ փուլում Միկելա Աբրամովայի հաղթանակը հակասական զգացմունքներ է առաջացրել։ Սոցիալական ցանցերի օգտատերերը դժգոհել են քվեարկության արդյունքներից, շատերը կասկածել են, որ խաբեություն է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. «Ձայնը․ երեխաներ» երաժշտական նախագծի վեցերորդ եթերաշրջանի եզրափակիչ փուլում 10-ամյա Միկելա Աբրամովայի՝ հայտնի երգչուհի Ալսուի դստեր հաղթանակից հետո որոշել են ստուգել քվեարկության արդյունքները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Գազետա․ռու–ին։

Այս պահին հայտնի չէ, թե ինչու է ստուգում պահանջվել։ Առայժմ մանրամասներ չեն ներկայացվում, բայց օգտատերերը համարում են, որ մրցույթի արդյունքը գնել են, իսկ աղջկա ելույթը խայտառակություն էր։ Միկելայի մարզիչը երգչուհի Սվետլանա Լոբոդան էր։

Աբրամովան հաղթել է «Ձայնը․ երեխաներ» շոուի եզրափակիչ փուլում, որն ուղիղ եթերում հեռարձակվել է ապրիլի 26-ին։ Նա հաղթել է հանդիսատեսի քվեարկության արդյունքում՝ ստանալով հեռուստադիտողների քվեների 56,5 տոկոսը։

Եզրափակիչ և սուպերեզրափակիչ փուլերում նա երգել է Love the Way You Lie (էմինեմ և Ռիանա) և «Ты здесь» (Իգոր Նիկոլաև) երգերը։

Որպես պարգև՝ Աբրամովան ստացել է արձանիկ, առաջին սինգլի ձայնագրության հավաստագիր և մեկ միլիոն ռուբլի։