Սեդրակ Քոչարյանի գործով դատարանի որոշումը կբողոքարկենք. Վանեցյան

Դատարանն արձանագրել էր, որ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը բողոքարկելու է Սեդրակ Քոչարյանի գործով դատարանի որոշումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Պատրաստվում ենք բողոքարկել դատարանի որոշումը»,–ասաց Վանեցյանը։

Եթե խախտել է օրենքը, պետք է պատասխան տա. Վանեցյանը խոսեց Սանասարյանի մասին

Նշենք, որ 2019թ.–ի փետրվարի 19-ին ԱԱԾ կողմից պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել՝ «Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով հաղորդագրություն» վերտառությամբ, որում նշվում էր, թե բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը:

Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խումբը գտել էր, որ հիշյալ հաղորդագրությամբ ԱԱԾ-ն խախտել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը և բողոք էր ներկայացրել դատարան:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, ապրիլի 5-ին բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի պաշտպանների բողոքը։