ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Սահմանախախտման դեպքերը վերջին շրջանում ավելացել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը։
«Դրա պատճառներից մեկը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներն են. սահմանախախտները Եվրոպա գնալու համար Հայաստանը դիտարկում են որպես տարանցիկ երկիր։ Թուրքիան Եվրոպայից որոշակի գումար էր վերցրել, որպեսզի իր երկիր մտնող փախստականների հոսքը կարգավորեր։ Արդյունքում` Թուրքիան իր սահմաններն ամրացրեց ու փախստականների հոսքն ինքնըստինքյան ուղղորդվեց դեպի Հայաստան։ Սա միտումնավո՞ր է, թե՞ ոչ` հարցի մյուս կողմն է»,–ասաց նա։
Հրամանատարի խոսքով` ՀՀ սահմանը խախտողները մեծ մասամբ հնդիկներն են, իրանցիներն ու բանգլադեշցիները։
Խոսելով սահմանապահ զորքերի համալրման մասին` Սարգսյանը նշեց, որ ինտենսիվ ձևով համալրվում են սահմանապահների շարքերը։ Նա հայտնեց, որ եթե 2018–ի ամռան սկզբին Երկրորդ սահմանապահ ջոկատը (Հորադիզի) համալրված էր 43 տոկոսով, ապա այսօր արդեն 85 տոկոսի է հասնում այդ թիվը։
Հիշեցնենք, որ այսօր Սահմանապահի օրն է, ինչի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Երևանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այցելել էին ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչություն։