Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնող 83 հոգանոց հայկական խումբը տեղակայված է Հալեպի դպրոցի շենքում։ Բժիշկներն աշխատում են հոսպիտալում, սակրավորների խումբը՝ Հալեպից 30 կմ հեռու գտնվող գյուղերում։
Թադևոսյանը պատմում է, որ Սիրիայի հայ համայնքը շատ ջերմ է ընդունել բժիշկներին ու սակրավորին։ Հաճախ են հրավիրել հյուր, հետաքրքրվել, թե ինչի կարիք ունեն։ Սիրիացիներն էլ շատ լավ են ընդունել։
«Հայ համայնքը շատ լավ համբավ ունի Սիրիայում և մեզ էլ շատ լավ են ընդունել։ Անգամ խանութում, երբ իմանամ էին, որ հայ ենք՝ գումար չէին վերցնում»,-պատմել է Թադևոսյանը։
Հրամանատարի գնահատմամբ՝ վիճակը Սիրիայում դեռ սրվում է։
«Էլի կրակոցներ, էլի պայթյուններ, էլի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գլուխ է բարձրացրել»,- ասել է Թադևոսյանը։
Ականի պայթյունից տուժած սակրավորի հետ զրույցի մանրամասները կարող եք կարդալ այստեղ։
Ըստ հայկական մարդասիրական խմբի հրամանատարի՝ մոտակա 5 տարում Սիրիան չի վերականգնվի, պետության 80 տոկոսն ավերված է։
Հիշեցնենք՝ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում մարտի 7-ին հայ սակրավոր էր վիրավորվել։ Պատահարի պատճառ էր հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Սակրավորն աջ ոտնաթաթի վնասվածք էր ստացել, տեղափոխվել է հոսպիտալ և վիրահատվել:
Փետրվարի 8-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը բժիշկների, ականազերծողների և նրանց անվտանգությունն ապահովողների 83-հոգանոց խումբ է գործուղել Սիրիա՝ Հալեպ: Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալում են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: